ՊՆ. Ադրբեջանը վերահաստատում է՝ հրահրող կողմն ադրբեջանական բանակն է
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվության ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուի անհեթեթ հայտարարությունը բավականին իրարամերժ է: Պարոն Սաբիրօղլուն իր խոսքում վերստին հաստատում է, որ հրահրող կողմն ադրբեջանական բանակն է»,- Panorama.am-ի հարցին, թե՝ ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի այն հայտարարությունը, թե օրեր առաջ շփման գծում տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ հայկական կողմի անհաջողությունները լրջորեն անհանգստացրել են Երևանին, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ մամուլի խոսնակի՝ ադրբեջանական բանակի «զորեղության», հայկական բանակի իբրև «անհաջողությունների» և ժամանակի օգուտների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար էլ, պարոն Սաբիրօղլուին խորհուրդ եմ տալիս իբր 3 մլրդ դոլարանոց բյուջե ունեցող ադրբեջանական բանակի որակական զարգացման ցուցանիշներին հետևել վիճակագրությամբ և ոչ թե դատարկ խոսքերով: «Կան միջադեպերի, հաջողված ու չհաջողված դիվերսիաների և կորուստների հստակ տվյալներ»,- մեկնաբանեց Ա. Հովհաննիսյանը: