Հայ բեմի մեծ վարպետ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
«Ես լիովին հավատացած եմ, որ Մհերը դերասան է ծնվել»,- նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի մասին ասել է Աշոտ Մալաքյան (Անրի Վերնոյ):
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1930 թ. Գյումրիում: Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։
Նրան իր կերտած յուրաքանչյուր դերում`Դմբուզ Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»)…, կարելի էր բացահայտել յուրովի, որին նա հասնում էր իր ինքնատիպության, բացառիկության, անսահման հնարավորությունների շնորհիվ: Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։
Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Սակայն մինչև օրս էլ հայ թատերավեսի, կինոարվեստի մասին խոսելիս նրա անունը միշտ հիշատակվում է, քանզի նա հայ արվեստի անբաժանելի, անմոռանալի մասնիկն է: Նա լեգենդ է:
Ծնունդդ շնորհավոր՝ տխուր աչքերով, բայց բոլորին ուրախացնող ՄԱՐԴ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները