ԵԽ նախագահ. ՀՀ-ին տրամադրվող օժանդակությունը 25 տոկոսով աճելու է և կազմելու է 15 մլն եվրո
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպոյը, ամփոփելով հանդիպման արդյունքները, առանձնացրեց երեք հիմնական առաջնահերթությունները, որոնք եղել են ՀՀ նախագահի հետ հանդիպման կոնտեքստում. «Առաջինը մենք զգում ենք շատ լավ առաջընթաց ԵՄ-Հայաստան հարաբերություններում: Մասնավորապես, առաջընթաց է արձանագրվել Ասոցացման համաձայնագրում և մենք սկսել ենք Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունները: Բացի այս, փետրվարից սկսվել ենք բանակցություններ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ»,- թվարկեց նա առաջնահերթություններից մեկը:
Ողջունելով Հայաստանի հանձնառությունը եվրոպական արժեքների հիման վրա երկրում առաջընթաց ապահովելու առումով և այդ արժեքների հիման վրա դեպի ժողովրդավարության հաստատման ձգտումը, Հերման Վան Ռոմպոյը հույս հայտնեց, որ դա Հայաստանին կօգնի ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ, հարգելու մարդու իրավունքները, խոսքի ազատությունը.«Պարոն նախագահ, Դուք ճիշտ ճանապարհի վրա եք: Բայց ապագայում դեռ շատ բան կա անելու»,- ընդգծեց նա ու ավելացրեց, որ պատրաստ են աջակցել ու օգնել Հայաստանին հետագայում ևս:
«Ես այստեղ հայտարարում եմ, որ Հայաստանի համար տրամադրվող օժանդակությունը 25 տոկոսով աճելու է և կազմելու է 15 մլն եվրո: Այս գումարն ուղղվելու է հիմնական բարեփոխումների համար` Հայաստանին Ասոցացման համաձայնագրի շրջանակում աջակցելու նպատակով»,-հայտարարեց նախագահ Ռոմպոյը:
Անդրադառնալով անցած խորհրդարանական ընտրություններին, ԵԽ նախագահը նշեց, որ թեև կային որոշակի թերություններ, բայց իրենք տեսնում են, որ դրանք կլուծվեն գալիք նախագահական ընտրություններից առաջ. «Ես հաճույքով հայտարարում եմ, որ ԵՄ-ն պատրաստ է սկսել բանակցությունները` դոնորների կոնֆերանս անցկացնելու համար միջազգային ֆինանսական հաստատությունների հետ»,-հավելեց նա: