«Բարգավաճ Հայաստան» խմբակցության վրա հույս դնելը լուրջ չէ. Զ. Փոստանջյանը` պահանջվող ստորագրությունների մասին
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը պահանջող քաղաքացիական շարժումը չպետք է դադարեցնի իր պահանջը, մինչև մանդատից հրաժարումը իրավական ընթացակարգ չանցնի:
«Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր չի դրել, այլ ընդամենը այդ մասին հայտարարել է: Իրավական ընթացակարգով դա կարող էր տեղի ունենալ, երբ այդ մասին հայտարարվեր Ազգային ժողովի նիստում: Հաշվի առնելով, որ մինչև սեպտեմբերի կեսերը նիստ չի լինելու, ապա մինչ այդ Ռուբեն Հայրապետյանը համարվում է պատգամավոր», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գործարար պատգամավորի շուրջ ստեղծված իրավիճակի մասին իր կարծիքը հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Եթե այնուամենայնիվ, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, խորհրդարանական մեծամասնությունը քաղաքական կամք դրսևորի և հրավիրի ԱԺ արտահերթ նստաշրջան, ապա այդ ժամանակ միայն, ինքը կարող է ասել, որ «հասարակությունը կարողացավ հասնել իր պահանջին»:
«Այո, սա հասարակության պահանջն էր, որը մինչև վերջ սակայն, չի իրականացվել: Եթե, իրոք, Հանրապետական կուսակցությունը քաղաքական կամք դրսևորի, ապա քաղաքական այսպիսի զարգացում տեղի կունենա` կկազմակերպվի արտահերթ նստշրջան և հարցը կներառվի օրակարգ», -նշեց Փոստանջյանը:
Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքով, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի` 44 պատգամավորի համաձայնությունը: Թեպետ խորհրդարանի 4 խմբակցությունների` Հայ Ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Դաշնակցության անդամների թիվն անցնում է 44-ը, սակայն Փոստանջյանի խոսքով, չորս խմբակցությունների ստորագրությունները բավարար չեն լինի արտահերթ նիստի անցկացման համար:
««Բարգավաճ Հայաստան» խմբակցության ոչ բոլոր անդամներն են համաձայն միանալ նախաձեռնությանը: Մենք նախապես այդ դաշտն ուսումնասիրել ենք: Այնտեղից միայն մի քանիսը ցանկություն ունենմիանալ, հետևաբար հույս դնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության վրա, ես կարծում եմ, լուրջ չէ», -նկատեց Փոստանջյանը:
Այդ է եղել պատճառը, որ ընտրվել է խորհրդարանում Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարվածի մասին հարցը քննարկելու այլ ձևաչափ. Չորս խմբակցություններ ԱԺ ղեկավարությունից պահանջում են կազմակերպել քննարկում ԱԺ նախագահի հետ համատեղ: «Այդպես մենք կարող ենք պաշտոնյաներից մեր բարձրացրած հարցերի ու խնդիրների վերաբերյալ ստանալ պարզաբանումներ: Այս ձևաչափն ենք այս պահին նախընտրել, որովհետև այն ամենաարդյունավետն է այս իրավիճակում»,-նկատեց Փոստանջյանը:
Արտահերթ նստաշրջան հրավիրելու համար ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ՀԱԿ բոլոր 7 պատգամավորները այս պահին պատրաստ են իրենց ստորագրությունը դնել ԱԺ ձևաթղթի վրա: Սակայն, նա միևնույն ժամանակ իրատեսական չէր համարել այն, որ 4 խմբակցությունները ձևաթուղթը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում կարող են պահանջված քանակի ստորագրություններ հավաքել:
Բացի պատգամավորներից, այս պահանջով այսօր խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել նաև ֆեյսբուքյան «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի բոլոր մեղարվորներին» նախաձեռնությունը, որի ակտիվիստներից Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, թե իրենց չի բավարարում խորհրդարանում հարցի քննարկումը:
Բողոքի ակցիա ԱԺ դիմաց. Պահանջում են Ռուբեն Հայրապետյանը գործում ներգրավվի որպես կասկածյալ
Չորս խմբակցություններ պահանջում են «Հարսնաքար»-ի գործով խորհրդարանական լսումներ անցկացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա