«Հանրային զուգարանները պետք է լինեն վճարովի, որպեսզի լինեն մաքուր»
Հասարակական զուգարանները Հայաստանի տարածքում, հատկապես պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ, բավականին քանակ են արդեն կազմում, սակայն, իհարկե, բավարար չեն: Այս մասին ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նա նշեց, որ խնդիրը երբեք վերջնական լուծված չի կարելի համարել, քանի որ անընդհատ աճում են և զբոսաշրջիկների թիվը, և այցելվող վայրերը: Ըստ նրա, այդ ուղղությամբ աշխատանքներ կատարում են:
Միաժամանակ Մ. Ապրեսյանն ասաց, որ անհրաժեշտ է ուղղակի ձևավորել զուգարաններից օգտվելու մշակույթ: «Իմ կարծիքով, Հայաստանում անվճար զուգարան չպետք է լինի: Հանրային զուգարանները պետք է լինեն վճարովի, որպեսզի լինեն մաքուր, այլապես, եթե չկա վերահսկողություն, շատ արագ վերածվում են աղբանոցների»,- ասաց նախարարության պաշտոնյան: