Ինչու չի եկել տիկին Վան Ռոմպոյը, և ինչու է ուշացել նրա ամուսինը
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով` Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը պետք է տարածաշրջան ժամաներ տիկնոջ հետ: Սակայն նա Հայաստան էր եկել մենակ: Ըստ թերթի` վերջին պահին տեղեկություններ են տարածվել, թե տիկին Ռոմպոյը Հայաստան չի գալու վատառողջ լինելու պատճառով: «Ի դեպ, վան Ռոմպոյի տիկնոջ համար Հայաստանում առանձին ծրագիր էր նախատեսված, որին պետք է մասնակցեր նաև Ռիտա Սարգսյանը: Ընդ որում, ծրագիրը ոչ թե հասարակական կամ մշակութային էր, այլ քաղաքական: Վան Ռոմպոյի տիկինը մտադիր էր Հայաստանում հանդիպել քաղաքականապես ակտիվ կանանց հետ և քննարկել ներքաղաքական հարցեր»,- գրում է թերթը: «ՉԻ» տեղեկություններով, վան Ռոմպոյի այցելության հետաձգումն էլ իր ուրույն պատճառն է ունեցել: Եվրոպական խորհրդի նախագահը խնդիրներ ունի անդամ երկրների հետ, ընդ որում, խնդիրները հասել են այնտեղ, որ որոշ անդամ երկրներ իրենց ավիաընկերությունների միջոցով խնդիրներ են ստեղծել Ռոմպոյի տեղաշարժի հետ կապված, և Ռոմպոյը հազիվ է կարողացել դասավորել իր ավիաշրջագայությունը: