Հ. Սահակյան. Սահմանադրությունը կատարում է իր դերը
«Յուրաքանչյուր պետություն ցանկացած խնդիր լուծելու համար պետք է ունենա ուժեղ օրենսդրական դաշտ, իսկ այդ դաշտի հիմքը, առանցքը համարվում է Սահմանադրությունը»,-Panorama.am-ի հարցին, թե ինպիսի՞ նշանակություն ունի ՀՀ Սահմանադրությունը և արդյո՞ք այն ծառայում է շարքային քաղաքացիներին, ասաց ԱԺ պատգամավոր, իրավաբան Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքերով, ՀՀ Սահմանադրությունն ապացուցել է, որ ի վիճակի է կանոնակարգել ծագած տարբեր խնդիրները:
Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին պատգամավորը նշեց, որ «յուրաքանչյուրիցս է կախված, թե որքանով կգործի մեր Սահմանադրությունը»:
«Որպես մեր կյանքի հիմնական ուղղությունները կարգավորող գլոբալ փաստաթուղթ ներկայիս Սահմանադրությունը և՛ գործուն է, և՛ լավն է և կատարում է իր հիմնական դերակատարությունը: Օրենքները պետք է լինեն ճկուն, դինամիկ, իսկ անհրաժեշտության դեպքում ճիշտ ժամանակին փոփոխության ենթարկվեն»,- հավելեց նա: