Ռուբեն Հայրապետյանը դիմում է ներկայացրել Հովիկ Աբրահամյանին
Հանրապետական խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանը նախօրեին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: Հարցին, թե երբ կքննարկվի դիմումը, մեր զրուցակիցը պատասխանեց` ԱԺ առաջիկա նիստում:
Ազգային ժողովի պատագամավոր Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունից հետո, ըստ «ԱԺ կանոնակարգ օրենքի» (13-րդ հոդված), հրաժարականի իր դիմումը պետք է գրավոր ներկայացնի ԱԺ նախագահին, որն էլ այն հրապարակում է ԱԺ առաջիկա նիստում:
Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Այնուհետև ընթացակարգը թելադրում է Հայաստանի Հանրապետության «Ընտրական օրենսգիրքը», որի 128-րդ հոդվածի համաձայն, Պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով մանդատը թափուր մնալու դեպքում այդ ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ: Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրությունները տեղի են ունենում այդ մանդատը թափուր մնալուց հետո` 80-օրյա ժամկետում:
Հաշվի առնելով այն, որ խորհրդարանն այժմ արձակուրդում է, ապա ԱԺ խոսնակին Հայրապետյանի դիմումը կներկայացվի սեպտեմբերին մեկնարկելիք խորհրդարանի նստաշրջանում, իսկ լրացուցիչ ընտրությունները, ըստ սահմանված ժամկետի, կկայանան հավանաբար մինչև դեկտեմբեր:
Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը (19.442 ձայն) ընտրվել էր Երևանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Այստեղ բացի Հայրապետյանից, առաջադրվել էին նաև «Ժառանգություն»-ից Ստյոպա Սաֆարյանը (9328 ձայն) և Հայ Ազգային կոնգրեսից Գայանե Առուստամյանը (5206):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները