Մեդվեդևին «բացարձակ չի հետաքրքրում» Ճապոնիայի արձագանքը իր Կուրիլյան կղզիներ կատարած այցի առնչությամբ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Կունաշիր կղզի կատարած իր այցին Ճապոնիայի արձագանքը իրեն «բացարձակապես չի հետաքրքրում»: Այս մասին հաղորդում է Իտառ-Տասս գործակալությունը:
«Ինչ վերաբերում է մեր ճապոնացի գործընկերների արձագանքին, ապա այն ինձ բացարձակ չի հետաքրքրում: Այնքան չի հետաքրքրում, որ նույնիսկ չեմ ուզում ժամանակ ծախսել պատասխանելու այդ հարցին՝ ինչ է նշանակում քննարկել նրանց հետ ՌԴ կառավարության ղեկավարի այցը սեփական պետության տարածքներ», - ասել է Մեդվեդևը:
Ավելին, ՌԴ կառավարության ղեկավարը խոստացել է հաջորդ այցին իր հետ վերցնել որքան հնարավոր է շատ ցանկացողների, քանի որ կղզիներում բավական հետաքրքիր վայրեր կան և Կուրիլներ պետք է այցելեն ոչ միայն պետության ղեկավարները, այլև կառավարության ներկայացուցիչներն ու լրագրողները:
Հիշեցնենք, նախօրեին Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան հայտարարել էր, թե Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Կունաշիր կղզիներ «չի համընկնում Ճապոնիայի դիրքորոշման հետ և խորը ափսոսանք է առաջացնում»:
Ավելի վաղ, Ճապոնիայում Ռուսաստանի դեսպան Եվգենի Աֆանասեֆը կանչվել էր ԱԳ գերատեսչություն, որտեղ նրան բողոքի նոտա էին փոխանցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հուլիսի 3-ին Կուրիլյան կղզիներ կատարած այցի առնչությամբ:
Ճապոնիան վիճարկում է Կուրիլյան չորս կղզիների՝ Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և Հաբոմայի պատկանելիությունը Ռուսաստանի հետ, հղում անելով 1855 թ-ին կնքված «Սահմանների ու առևտրի վերաբերյալ համաձայնագրին»: Կղզիների վերադարձը Ռուսաստանի կողմից Ճապոնիան դիտարկում է միակ նախապայման Մոսկվայի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդպես էլ չի կնքվել երկու պետությունների միջև: Ռուսաստանն, իր հերթին, պնդում է, թե Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ին են անցել համաշխարհային պատերազմի արդյունքում, և ռուսական ինքնիշխանությունը հիմնավորված է համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան