ԼՂՀ պարի պետական համույթը համերգներով` Ֆրանսիայում
Հուլիսի 6-ից 14-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Գոմբերի ամրոցում անցկացվելիք պարի ազգագրական փառատոնին կմասնակցի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարի պետական համույթը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Փառատոնի շեմին` հուլիսի 2-ին, տեղի ունեցավ համույթի անդրանիկ ելույթը Վալանս քաղաքում: Միջոցառումը նաև առիթ հանդիսացավ, որպեսզի ներկայացվի «Արցախ. հայկական ավանդույթների և արվեստի այգի» գիրքը` նվիրված Արցախի անկախության 20 ամյակին: Դասախոսություններով հանդես եկան պատմաբան Կլոդ Մութաֆյանը և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Վերջիններս ներկայացրին Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը:
Միջոցառմանը ներկա Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը իր վստահությունը հայտնեց առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ երկխոսության միջոցով և ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:
Միջոցառումը կայացավ հայկական կազմակերպությունների համակարգի (COADA) տնօրինության և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ:
Հուլիսի 3-ին Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի մշակութային կենտրոնի 700 տեղանոց լեփլեցուն դահլիճում տեղի ունեցավ Արցախի հանրապետության պարի պետական համույթի հերթական համերգը: Համերգին նախորդեցին պատմաբան` Կլոդ Մութաֆյանի և արվեստի պատմության մասնագետ` Տիգրան Կույումջյանի դասախոսությունները` Արցախի պատմության և մանրանկարչական արվեստի վերաբերյալ : Այնուհետև ելույթով հանդես եկավ Վիլյորբանի քաղաքապետ` Ժան-Պոլ Բրետը, որի հովանու ներքո կազմակերպվել էր միջոցառումը: Քաղաքապետը, մասնավորապես, նշեց Վիլյորբան քաղաքի և Արցախի միջև խորը մշակութային կապեր հաստատելու մտադրության մասին:
Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ, լրագրողներ:
ԼՂՀ պարի պետական համույթի հաջորդ ներկայացումը կանցկացվի Էքս-ան-Պրովանս քաղաքում, որը Ստեփանակերտ քաղաքի հետ մտադիր է դառնալ քույր քաղաքներ»,- նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: