Մհեր Սեդրակյանի քրոջ որդին ձերբակալվել է. Ոստիկանությունից հաստատում են
Այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն, ձերբակալվել է Արման Բադալյանը, ով Էրեբունու նախկին թաղապետ, այսօր Հանրապետական խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) քրոջ որդին է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին, որ երեկ ձերբակալվել է Արման Բադալյան անունով քաղաքացի:
«Երեկ ոստիկանություն Տիգրան Մեծ պողոտայի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկվել երկու հոգի, այդ թվում և Ձեր նշած անձը, որի մոտից հայտնաբերվել է բերետա տիպի ատրճանակ: Վերջինս ձերբակալված է: Ձերբակալումից հետո ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում կատարվում է նախաքննություն»,-փոխանցեցին ոստիկանության վարչությունից:
Ոստիկանությունից չհրապարակեցին, թե ով է Ա. Բադալյանի հետ բերման ենթարկված անձը: