Դավութօղլու-Ֆաբիուս հանդիպումը և հայկական օրինագիծը
Կայացել է Ֆրանսիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Լաուրյեն Ֆաբիուսի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը Փարիզում: Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Ըստ «CNNTurk» լրատվականի` Ֆաբիուսը կարևորել է Թուրքիայի տարածաշրջանային դերը և հայտնել Ֆրանսիայի վճռականությունը Անկարայի եվրաանդամակցության գործընթացն առաջ մղելու հարցում:
Դավութօղլուն էլ լրագրողներին ասել է, որ իրենց նպատակը ֆրանս-թուրքական հարաբերությունների համար նոր բարիդրացիական շրջան սկսելն է: Նրա գնահատմամբ` հանդիպումն անցել է բարեկամական և բովանդակալից մթնոլորտում:
«Թեև մեր դիրքորոշումների մեջ առկա են որոշակի տարբերություններ, բայց այդ ամենը վերացնելու համար որոշել ենք առաջնորդվել մի ընդհանուր տեսլականով»,- ասել է Ահմեթ Դավութօղլուն: Վերջինս նաև տեղեկացրել է, որ Անկարան չեղյալ է հայտարարել բոլոր այն պատժամիջոցները, որոնք կիրառվում էին Փարիզի դեմ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով:
Հայկական օրինագիծը մշակելու և նորից խորհրդարան ներկայացնելու վերաբերյալ Ֆաբիուսն ընդգծել է, որ դա Ֆրանսիայի քաղաքական գործիչների համար շատ զգայուն թեմա է: «Ինչպես գիտեք, Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց ոչ վաղ անցյալում սենատի կողմից ընդունված այդ օրինագիծը: Եթե մենք շարժվենք նույն ճանապարհով, ապա նորից կմերժվենք Սահմանադրական դատարանի կողմից: Անհնար է, որ մենք գնանք նույն ճանապարհով», -ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան