ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատելու են շփման գիծը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ են մտնելու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացնելու ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:
Պլանավորվում է, որ դիտարկման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հերթական այցով կժամանեն տարածաշրջան, հատելու են շփման գիծը ականազերծված հատվածով:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: