Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման այս տարվա ծրագիրը
Կրթության ազգային ինստիտուտում այսօր մեկնարկել է Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման 2012 թվականի ծրագիրը, որն ամեն տարի կազմակերպում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Գերատեսչության մամլո ծառայության փոխանցմամբ` միջոցառման մասնակիցներին ողջունել և արգասաբեր աշխատանք է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Նախարարության գերակայություններից մեկն է մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարումը և սպասարկումը: Հայկական գաղթօջախներում կրթական գործընթացի կազմակերպման աշխատանքը հիրավի ծանր է. այն պահանջում է գործընկերության լայն դաշտ մեր հայրենակիցների հետ: Վերջին շրջանում Սփյուռքի հայկական դպրոցների առջև ծագում են նոր մարտահրավերներ, որոնք երբեմն ոչ ավանդական լուծումների կարիք ունեն: Մասնավորապես, Մերձավոր Արևելքի մեծաքանակ հայկական համայնքն այսօր, առավել քան երբևէ, ունի հայապահպանության խնդիրներ, որոնք կարիք ունեն նոր մոտեցումների, պետական առավել մեծ ուշադրության: Նախարարությունը պատրաստակամ է բավարարել ձեր կրթական կարիքները ոչ միայն վերապատրաստումների, այլ նաև ուսումնակրթական նոր նյութերի և տեխնոլոգիաների կիրառմամբ հայալեզու կրթական բովանդակությունը տեղ հասցնելու միջոցով:
Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մենք այժմ մշակում ենք նոր մոտեցումներ` մեծաքանակ ռուսահայ համայնքում տեղական մակարդակներում կազմակերպելու հայոց լեզվի դասավանդման արդյունավետ տարբերակ` մեր հայրենակիցների կրթական կարիքները լավագույնս բավարարելու համար: Այս տարի նախատեսվում է նաև արտագնա վերապատրաստում Վրաստանում ոչ միայն հայագիտական, այլ նաև մասնագիտական առարկաների գծով` Վրաստանի հայկական դպրոցներում կրթության որակի բարձրացման և ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիների` իրենց կրթությունը նաև Վրաստանի բուհերում շարունակելու համատեքստում »,-դիմելով ուսուցիչներին` նշել է նախարարը և հավելել, որ վերապատրաստման գործընթացն ունի ոչ միայն ուսումնական, այլ նաև հայրենաճանաչության բաղադրիչ:
«Հուսով եմ` այս ընթացքում դուք ոչ միայն կկատարելագործեք ձեր գիտելիքները, այլ ձեր օջախներին և ձեր աշակերտներին կփոխանցեք Հայաստանի հոգևոր լույսը, նրա ջերմությունը: Ի դեմս ձեզ` մենք ունենք ուժեղ զինակիցներ, որոնք կօգնեն մեր դրոշը, լուսավորության մեր ջահը պատվով տանել »:
Սփյուռքահայ ուսուցիչների ծրագիրը գործում է 2000 թվականից. 2002 թվականից այն սկսել է ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեից և մինչև 2009թ. տրամադրվող գումարի չափն աճել է: Այժմ ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները:
Այս տարի ծրագրին կմասնակցի 75 ուսուցիչ 12 երկրից` Ռուսաստան` 16, Եգիպտոս` 1, Իրա ԱՄՆ` 5, Ավստրալիա`3 , Աբխազիա ` 8, Լիբանան` 5, Մեծ Բրիտանիա` 5, Սիրիա` 17, Վրաստան` 5, Ուկրաինա` 2, Ֆրանսիա` 1: Այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում. մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, դպրոցների կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման:
Այս տարվա ուսումնական ծրագրի առանձնահատկությունն այն է, որ շեշտը դրվել է պրակտիկ պարապմունքների վրա, հատկապես, «Լրացուցիչ կրթության կազմակերպում» խմբի մասնակիցների համար: Նկարչության մեթոդիկայի դասընթացները կկազմակերպվեն Գեղագիտության ազգային կենտրոնում, իսկ ժողովրդական արվեստների ու արհեստների ուսուցումը՝ Գյումրիի «Ընտանիք» կենտրոնում: Բոլոր խմբերի ուսուցիչների համար վարպետաց բաց դասեր կկազմակերպվեն «Տաթև» գիտակրթական համալիրում և այլն:
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այն տարի վերապատրաստման մեջ ընդգրկված են ավելի մեծ թվով Սփյուռքի մասնագետների և ստեղծագործող ուսուցիչներ, որոնք իրենց փորձը կներկայացնեն Սփյուռքի այլ ուսուցիչներին: Արևմտահայերենը ծրագրում կդասավանդի Լիբանանի "Հայկազյան" համալսարանի դասախոս, բազմաթիվ գրքերի հեղինակ Կարո Առաքելյանը:
Ուսուցիչներն այս տարի նույնպես հնարավորություն կունենան այցելել մի շարք թանգարաններ, շրջայցեր կատարել Խոր-Վիրապ, Նորավանք, Սևան, Էջմիածին, Գեղարդավանք:
Դասընթացների վերջում ուսուցիչներին կտրվեն ՀՀ ԿԳ նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան