2 ու կես ամիս երեխան գիտակցության չի գալիս կույրաղիքի վիրահատությունից հետո (տեսանյութ)
5 տարեկան Սոնան կույրաղիքի վիրահատությունից հետո գիտակցության չի գալիս արդեն 2 ու կես ամիս: Դեպքը տեղի է ունեցել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական կլինիկիա): Նարկոզի ընթացքում ունեցած փսխումից հետո վնասվել է փոքրիկի ուղեղը, ինչի հետևանքով Սոնան այդպես էլ գիտակցության չի գալիս: Սոնան ծնողների առաջնեկն է:
Բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանի խոսքով, սա իրենց մոտ առաջին նման դեպքն է, արվում է ամեն բան, որպեսզի Սոնային դուրս բերեն այս վիճակից հնարավորինս շուտ, իսկ թե ինչ հետևանքներ այն կթողնի փոքրիկի մոտ հետագայում ՝ գոնե այս պահի դրությամբ մասնագետները հուսադրող ոչինչ չեն ասում: Դժվարանում են անգամ կանխորոշել՝ վերակենդանացման բաժանմունքում այսպես անշարժ, առանց ռեակցիայի երեխան կմնա երկուս, հինգ թե տասը ամիս:
Բծիշկներն առնվազն ենթադրում են, որ կոման երեխայի մոտ կթողնի հետևանքներ՝ մտավոր կամ շարժողական դեֆիցիտներ:
Ստեղծված իրավիճակում երեխայի ծնողները մեղադրում են անեսթեզիոլոգին, ով պատշաճ կերպով իրենց չի բացատրել, թե ինչու է վիրաբույժը հարցնում ՝ երեխան ինչ է կերել: Իսկ հարցը, որ տրվել է ընդամենը մեկ անգամ՝ սովորական է թվացել ծնողներին մի պարզ պատճառով, երեխային հիվանդանոց էին տեղափոխել փորացավի նոպայով:
«Երեխային ուժեղ փորացավով բերեցինք հիվանդանոց, ստուգեցին-ասեցին կույրաղիքն է, պիտի վիրահատենք: Վիրաբույժը հարցրել ա մեզ՝ երեխան ի՞նչ է կերել, դե.. մենք էլ հարցի իմաստը չենք հասկացել, դրա վտանգը: Կոնկրետ չի զգուշացվել, թե հարցը ինչի՞ համար է տալիս, չի ասվել, որ նարկոզից կարող է այդպիսի բարդություն առաջանա: Ու փաստորեն էդ հարցի իմաստը չհասկանալով …վիրահատությունից հետո երկուս ու կես ամիս է երեխայի մոտ էս վիճակն է: Կոնկրետ անեսթեզիոլոգը մեզ չի հարցրել ոչինչ և եթե հասկանայի վիրաբույժի հարցի իմաստը, մեզ բացատրեին, գուցե ամեն ինչ ուրիշ կերպ լիներ»,- արցունքն աչքին Panorama.am -ի թղթակցին պատմում է Սոնայի հայրը՝ Կարենը: Մոր՝ Ջուլիանայի խոսքով՝ մինչ այդ տատիկը երեխային մի կտոր բան էր կերակրել, ինչի մասին ինքը չի իմացել, ու փաստորեն հենց դա էլ երեխայի համար դարձել է ճակատագրական:
Մեր հարցադրմանը ՝ բժշկի՞ անզգուշության հետևանք է դեպքը, թե՞ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, կլինիկայի գլխավոր բժիշկը մեզ տարակուսանքով ու մի քիչ էլ վիրավորված արձագանքեց. «Իսկ ի՞նչ ասել այն դեպքերում, երբ երեխան ընկնում է պատշգամբից, օրօրոցից, բարձրահարկ շենքի պատուհանից, ու չնայած բժիշկների համառ ջանքերին, երեխայի մոտ ոչ ցանկալի հետևանքներ են մնում: Ուրեմն այս դեպքում մեղավորը բժիշկն է, մյուս դեպքերում չկա՞ մեղավոր...»:
(Շարունակելի)