«Orange» հիմնադրամի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվեց Քարակերտի ֆուտբոլի մարզադաշտը
Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում «Orange» հիմնադրամի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությամբ բացվեց վերանորոգված ֆուտբոլի մարզադաշտը: Մարզադաշտի բացումը նշելու նպատակով հուլիսի 4-ից մեկնարկեց միջհամայնքային ֆուտբոլային պատանեկան մրցաշար, որին մասնակցում են Արագածոտնի և Արմավիրի մարզի 8 գյուղական համայնքների թիմերը: Մրցաշարի հանդիսավոր բացմանը հաջորդեց առաջին խաղը՝ Քարակերտ և Մյասնիկյան գյուղերի թիմերի մասնակցությամբ: Մրցաշարը կշարունակվի մինչև հուլիսի 17-ը, երբ տեղի կունենա եզրափակիչ խաղը, և հանդիսավոր փակման արարողության ընթացքում մրցանակը կհանձնվի հաղթող թիմին:
Ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգման գաղափարն առաջարկվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից, որը տարիներ շարունակ կրթական, առողջապահական և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր է իրականացնում վերոհիշյալ համայնքներում: Ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ «Orange» հիմնադրամի շնորհիվ, որն այս ծրագրին հատկացրել է 4 մլն 164 հազար 600 դրամ։
Մարզադաշտի վերանորոգման հետ մեկտեղ 8 համայնքների ավելի քան 200 երեխաներ հնարավորություն ստացան մարզվել պրոֆեսիոնալ մարզիչների ղեկավարությամբ՝ պատրաստվելով առաջնությանը:
Վերանորոգված մարզադաշտն ու պատանեկան մրցաշարն առանձնապես կարևորվում են Եվրոպայի ֆուտբոլի առաջնության համատեքստում, որի պաշտոնական գործընկերն է «Orange»-ը: Միջհամայնքային մրցաշարն անմիջապես հաջորդում է համաեվրոպական առաջնությանը, որի առաջացրած ոգևորությունը նպաստելու է դպրոցական թիմերի միջև առողջ մարզական մրցակցությանը:
«Orange» հիմնադրամն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներում այնպիսի նախաձեռնությունների իրականացմանը, որոնք նպաստում են համայնքային կյանքի աշխուժացմանը և գյուղերի կայուն զարգացմանը: Մրցաշարի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Orange» հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:
«Orange» հիմնադրամի բարեգործական գործունեության կարևոր առանցքներից մեկն է համայնքային զարգացումը և երեխաների բարեկեցությունը: Ուրախությամբ ենք մասնակցում Քարակերտ գյուղի վերանորոգված ֆուտբոլի դաշտի բացմանը, որը նշանավորվում է այս մրցաշարի մեկնարկով: Դաշտն այսուհետ ծառայելու է այս շրջանի առնվազն 8 գյուղերի բնակիչներին: Սրանով փորձում ենք գյուղի երեխաների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ունեն նրանց քաղաքաբնակ հասկակակիցները»,- նշեց Ն. Սեֆերյանը:
«Հայաստանի մանուկներ» հիմանդրամի տնօրեն Սերոբ Խաչատրյանն էլ իր ելույթում ընդգծեց այն հանգամանքը, որ իրենց կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերի շարքում կարևորվում են միջհամայնքային նախաձեռնությունները և երեխաների ամառային հանգստի կազմակերպումը: Շնորհակալություն հայտնելով «Orange» հիմնադրամին` պարոն Խաչատրանն ասաց. «Բարեկարգված ֆուտբոլի մազադաշտն ապագայում ևս կծառայի երեխաներին և համայնքին, կնպաստի համայնքային կյանքի աշխուժացմանը: Պարբերաբար կկազմակերպվեն միջհամայնքային խաղեր և մրցաշարեր»:
«Orange» հիմնադրամի մասին
«Orange» հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 2011 թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում «Orange Արմենիա» հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան և Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թ. իր հիմնադրումից ի վեր` «Orange» հիմնադրամը եղել է «Orange» Խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` «Orange» հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար:
«Orange Արմենիա» հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաև առողջապահական, մասնավորապես` հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:
«Orange» հիմնադրամը համակարգում է «Ֆրանս Տելեկոմ» Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների և Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի մասին
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է կրճատել գյուղական աղքատությունը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004 թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվել են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվել են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիր և Արագածոտն մարզերի Բաղրամյանի և Թալինի շրջանների 11 գյուղական համայնքների ավելի քան 27 հազար բնակիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա