Տնտեսագետ. Երկրի պետական պաշարները մի փոքր պետք է ընդարձակել
Համաշխարհային շուկայում հացահատիկի թանկացումը պայմանավորված է գյուղատնտեսական ապրանքների գների տատանումներով: Բավական հեղինակավոր կառույցների կանխատեսմամբ, 2012 թ. շարունակվելու է պարենային ճգնաժամի տարի լինել, ինչը չէր կարող շրջանցել հացամթերքի շուկան: Այս մասին ասուլիսում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, թեև նախորդ տարվանից որոշակի քայլեր արվում են տնտեսական քաղաքականության ոլորտում ու կոնկրետ հացահատիկի սերմնացուի հարցով, սակայն տնտեսագետը կարծում է, որ երկրի պետական պաշարները մի փոքր պետք է ընդարձակել: «Սա վերաբերում է ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքներին` նավթամթերք, գազ, հացամթերք, պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի կախվածությունը նվազագույնի հասնի»,- նշեց տնտեսագետը:
Թ. Մանասերյանի խոսքով, արժե մտահոգվել ու փորձել հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գծով բնակչությանը զերծ պահել հետագա ցնցումներից: «Շատ անելիքներ ունենք»,- ընդգծեց նա, նկատելով, որ մշակովի տարածքների կեսից ավելին դեռևս չեն օգտագործվում: