Բացի «ներողությունից», Հայրապետյանը Վեզիրյանին ոչինչ չի առաջարկել
Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արման Վեզիրյանը, որին նախօրեին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հարվածել էր, հաշտվել է նրա հետ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արման Վեզիրյանը և ասաց` քանի որ հաշտվել են, ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել:
Մեր դիտարկմանը, թե այսօր տարածած հայտարարության մեջ դուք նշում էիք, որ սպասում եք իրավապահ մարմինների գործողություններին, նրան կողմից քրեական գործ հարուցելուն, Վեզիրյանը արձագանքեց. «Դե, նա (նկատի ունի Ռուբեն Հայրապետյանին-հեղ.) զանգեց, ներողություն խնդրեց, և մենք բանավոր հաշտվեցինք»:
Վեզիրյանից հետաքրքրվեցինք, բացի ներողությունից Ռուբեն Հայրապետյանը հաշտության դիմաց որևէ բան առաջարկե՞լ է Արման Վեզիրյանին, վերջինը պատասխանեց. «Չէ, չէ, ի՞նչ եք ասում, նման բա չի եղել, նման խոսակցություն չի կարող գնալ մեր միջև»:
Քիչ առաջ ոստիկանությունը հանդես եկավ հաղորդագրությամբ և հայտարարեց, որ բացատրություն տալու համար Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունք է հրավիրվել Արման Վեզիրյանը, ով հայտնել է, որ տեղի ունեցած միջադեպի առումով բողոք չի ներկայացնելու, իսկ Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի, հետևաբար որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նախօրեին երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ միջադեպ էր տեղի ունեցել Արման Վեզիրյանի և Ռուբեն Հայրապետյանի միջև, և Վեզիրյանն էր մեզ հետ զրույցում ասել էր. «Ռուբեն Հայրապետյանը ինձ անձամբ հրեց և գցեց գետնին, ես ընդամենը լուսանկարում էի «Հարսնաքար»-ի դիմաց կատարվող իրադարձությունը, ոստիկաններին»:
Մեր հարցին, թե Հայրապետյանի հասցեին որևէ վիրավորական արտահայտություն հնչե՞լ է Վեզիրյանի կողմից, որ պատգամավորը դիմել է այդ քայլին, իրավապաշտպանը պատասխանել էր. «Ոչ, ես ընդամենը լուսանկարել եմ տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, ոչ ես որևէ բան չեմ ասել, ես չեմ եկել ընդեղ ցույցին մասնակցելու ես այնտեղ եղել եմ որպես Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, դիտորդ, իրավապաշտպան: Ես ընդամենը իմ դիտորդական առաքելությունն եմ կատարել»:
Հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի ունեցածից հետո, երբ դաժան ծեծկռտուքի հետևանքով մահացավ ՊՆ բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը: Առայժմ, մինչև ԱԺ սեպտեմբերյան նստաշրջան, սակայն, Հայրապետյանը համարվում է ԱԺ պատգամավոր:
Նախորդիվ`
Կների՞, թե՞ ոչ. Վեզիրյանը սպասում է իրավապահների արձագանքին