Երևանում կհարգեն Կրասնոդարի զոհերի հիշատակը
Այսօր՝ ժամը 20:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ն` ի հիշատակ Կրասնոդարի երկրամասում աղետից զոհվածների, կազմակերպելու է մոմավառություն: Այս մասին տեղեկացրեցին կազմակերպությունից:
Նշենք, որ երեկվա տվյալներով Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թվում երկու հայ կա Նովոռոսիյսկից` Շահբազյան Լիդիա Ստեփանի և Շահբազյան Հովհաննես Գրիգորի: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային Կառավարման կենտրոնում ստեղծվել է թեժ գիծ`010 36 02 97, 060 44 03 41:
Ըստ աղբյուրի, ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ` ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ մայոր Սերգեյ Ազարյանի գլխավորությամբ:
Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի հետևանքով Ներքին գործերի նախարարության հրապարակած երեկվա տվյալներով մահացել է 151 մարդ: Բժշկական օգնություն ստանալու համար դիմել են 205-ը, որոնցից 48-ը երեխաներ են:
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետի՝ բազմաթիվ մարդկային կյանքեր խլած Կուբանի ջրհեղեղի կապակցությամբ:
«Այս դժվարին պահին մենք ռուս ժողովրդի հետ ենք և պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն պատուհասած ողբերգության հետևանքների հաղթահարման համար: Խնդրում եմ խորը վշտակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ այս պահին Հայաստանի օգնության կարիքը դեռ չկա: