Գ. Մինասյան. Ադրբեջանը պատրանքների մեջ է
«Այս բոլոր այցերի ընթացքում, կարմի թելի նման, անցնում է մի գաղափար, որը չափազանց կարևոր եմ համարում. դա ուժի չկիրառման ու դրա սպառնալիքի բացառումն է գործընթացում»,- Panorama.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, վերջին ժամանակներս, տարբեր միջազգային կառույցների ու կազմակերպությունների պատվիրակությունների հաճախակիացած այցերը տարածաշրջան, ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքերով, միջազգային հանրությունն իր մեղքի բաժինն ունի, քանի որ նախկինում լուրջ ուշադրություն չի դարձրել այնպիսի կարևորագույն սկզբունքի, ինչպիսին որ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումն է:
«Դա է պատճառը, որ մինչ այժմ դրա կանխարգելմանն ուղղված լուրջ մեխանզիմներ չեն ներդրվել, ինչի հետևանքով Ադրբեջանն ընկել է լուրջ պատրանքների մեջ և անպատիժ սադրանքների դիմել: Դրանով նա իբր թե փորձում է կոնֆլիկտը «թեժ» պահել»,- ասաց Գ. Մինասյանը:
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը իր հայտարարություններում ևս չի թաքցնում այն փաստը, որ սահանագծում գրանցվող սադրանքների մեղավորը հենց ադրբեջանական կողմն է:
Նա նշեց, որ «օկուպացիա» հասկացողության մասին խոսելիս Ադրբեջանը պետք է հիշի, որ նա է հենց օկուպացրել Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանի արևելյան հատվածներն ու Շահումյանը (Արցախի տարածքների 20%-ը):
«Եկել է մի փուլ, երբ միջազգային հանրությունը պետք է ցույց տա, թե ունեն իրենք քաղաքական կամք՝ Ադրբեջանին պարտադրելու՝ հետ կանգնել ուժի կամ դրա սպառնաքի սկզբունքի գործածումից»,- հավելեց պարոն Մինասյանը: