«Խաղաղապահ առաքելություններին հայկական զորախմբերի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի միջազգային վարկանիշը»
Մի քանի օր առաջ հայկական խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումներից մեկը մեկնեց Կոսովո, խաղաղապահ առաքելություն իրականացնելու: Ըստ էության այն ուղղակիորեն հանդիսանում է մոտ 6 ամիս առաջ ժամանակավորապես դադարեցված առաքելության շարունակությունը: Խաղաղապահ առաքելության առջև դրված խնդիրների ու նպատակների շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ:
«Հայկական խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները, համաձայն միջազգային պայմանագրերի, մեծ արդյունավետությամբ իրականացրել են և շարունակում են իրականացնել մոտ 30-ից ավելի խաղաղապահ առաքելություններ Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում: Ընդ որում միշտ էլ հայկական զորախմբերը բարձր գովեստների են արժանացել բազմազգ ուժերի հրամանատարության կողմից»,-ասաց փորձագետը:
Նաև ավելացրեց, որ խաղաղապահ առաքելություններին հայկական զորախմբերի ակտիվ մասնակցությունը բավականին բարձրացնում է Հայաստանի միջազգային վարկանիշը և հանդիսանում է այն օղակը, որով ավելի սերտ կապեր են հաստատվում ՆԱՏՕ-ի և արևմտյան գործընկերների հետ:
«Այստեղ անհրաժեշտ է նաև նշել, որ Հայաստանը շարունակում է նաև արդյունավետորեն գործակցել ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Չմոռանանք, որ այս տարվա սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանում անցկացվելու է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի համատեղ զորավարժություն: Ընդ որում հայկական կողմը զորավարժություններին հրավիրել է նաև միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներին: ՆԱՏՕ-ի անդամ և անգամ գործընկեր պետություններին: Այս քայլով ըստ երևույթին հայկական կողմը ցուցադրում է առաջին հերթին իր կառուցողական մոտեցումը բոլոր գործակից երկրներին ու միջազգային կառույցներին, և ինչու չէ, նաև ևս մեկ անգամ շեշտում է, իր պատրաստվածությունը առավել խորացնել և զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով: Սա առաջին հերթին անվտանգության ապահովման հիմքերի հաստատման քայլ է»,-նշեց Հրաչյա Պետրոսյանցը:
Ըստ նրա, չի կարելի չնշել նաև այն փաստը, որ ՀԱՊԿ անդամ երկրները սեպտեմբերին անցկացնելու են խաղաղապահ ուժերի համատեղ զորավարժություն Ղազախստանում, որին համապատասխան կազմով մասնակցելու է Հայաստանը:
«Այս ամենը ապացուցում են այն հանգամանքը, որ այսօր Հայաստանը զարգացնում է իր համագործակցությունը ինչպես ՆԱՏՕ-ի և դրա հետ համագործակցող երկրների ու կառույցների հետ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում, ինչը կարող է, և ըստ իս պետք է հանդիսանա տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն գործոն»,-եզրափակեց փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները