Կոմիտասի հուշատախտակը` Բեռլինի համալսարանի պատին. Քանդակագործները դեռ հայտեր չեն ներկայացրել, բայց պատկերացումներ ունեն
Մշակույթի նախարարությունը անցած շաբաթ հայտարարել է Կոմիտասին նվիրված հուշատախտակի ձևավորման և պատրաստման մրցույթ` Բեռլինի համալսարանի պատին տեղադրման համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է հուլիսի 19-ին, սակայն մինչ այս պահը դեռևս որևէ հայտ չի ներկայացվել: Այս մասին Panorama.am-ի հարցին` հուշատախտակի պատրաստման որևէ էսքիզ արդեն ստացե՞լ եք, ի պատասխան ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունից Երանուհի Մարգարյանը:
Թեև դեռևս հայտեր ներկայացված չեն, բայց մինչև վերջնաժամկետը կլինի, քանի որ շատ քանդակագործներ այս պահին աշխատում են էսքիզի վրա: Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ինքը տեղյակ է այդ մրցույթի մասին ու այժմ մեծ թափով, արագ տեմպերով աշխատում է հուշատախտակի էսքիզի պատրաստման վրա: «Մի քիչ անհայտ բաներ կան` հուշատախտակը համալսարանի ներսում է լինելում, թե դրսում, քանի որ դրանք տարբեր լուծումներ են պահանջում, որոնք պետք է պարզվեն»,- ասաց նա: Քանդակագործը մեզ նաև հայտնեց, թե իր պատկերացմամբ ինչպիսին պետք է լինի հուշատախտակը, միաժամանակ նշեց, որ պետք է լրջորեն մոտենալ այդ մրցույթին. «Չլինի այնպես, ինչպես շատ մրցույթների դեպքում ենք հանդիպում` հաղթում են ծանոթներն ու բարեկամները: Սա պատվի հարց է. հեռավոր Բեռլինում տեղադրվելու է հայ արվեստագետի աշխատանք, որը դիտելիս անմիջապես պետք է հասկանան, որ այնտեղ սովորել է արժանի մարդ»:
Քանդակագործ Հայկ Թոքմաջյանն էլ նշեց, որ աշխատում է էսքիզի վրա: Նա նույնպես իր պատկերացումներով մեզ հետ կիսվեց` նշելով, որ մի քանի հարցեր է ցանկանում ճշտել, որից հետո կանցնի գործին:
Նշենք, որ հուշատախտակը պետք է լինի բրոնզ, չափսը` 40 x 70 սմ: Հուշատախտակի պատրաստման պատվերը կտրվի հաղթող ճանաչված էսքիզի հեղինակին:
Նշենք, որ հայ դասական երաժշտության, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) 1896 - 1899 թթ. ուսանել է Բեռլինի համալսարանում: