«Վահե Ավետյանին ծեծողները երբեմն ապահովել են Ռ. Հայրապետյանի անվտանգությունը»
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի անմիջական մասնակիցները, որոնց դաժան ծեծի հետևանքով մահացավ ՊՆ բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, երբեմն ապահովել են ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգությունը: Այդ մասին այսօր լրագրողներին ներկայացնելով դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքը, հայտարարեց Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով բաժնի պետ Արսեն Այվազյանը:
«Քրեական գործով պարզվել է նաև, որ այդ համալիրի աշխատակիցները, մասնավորապես անվտանգության աշխատակիցներից ոմանք, որոշ առիթների դեպքում, երբեմն նրանցից ոմանք ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին», -տեղեկացրեց Այվազյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Ռուբեն Հայրապետյանը որպես վկա հարցաքննվել է հուլիսի 6-ին, ասել, որ դեպքի օրը եղել է Սևան քաղաքում, ժամը 19:00-ի սահմաններում գնացել Հարսնաքար ռեստորանային համալիր, մնացել կես ժամ, որից հետո մեկնել է հարևանությամբ գտնվող ֆուտբոլի ակադեմիա: «Դեպքի պահին նա այնտեղ չի եղել», -վստահեցրել էր ոստիկանության պաշտոնյան:
Նախաքննությունը պարզել է հետևյալը.
Հունիսի 17-ին ՊՆ զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը նույն հոսպիտալիվիրաբուժության բաժնի բժիշկ Արտակ Բայադյանը, նրա գործընկերներ կլինիկական օրդինատոր Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը, ինչպես նաև Արկադի Աղաջանյանը մեկնել են Արզնու ձոր նշելու Աղաջանյանի ծննդյան օրը: Որոշ ժամանակ այնտեղ անցկացնելուց հետո ընկերներով Վահե Ավետյանի առաջարկով գնացել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա սրահ շարունակելու խմջույքը և երաժշտություն լսելու: Մատուցողներից Դավիթ Ադամյանը դիտողություն է արել Վահե Ավետյանին` ասելով, որ սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Վահե Ավետյանը մեկնել է տուն փոխել հագուստը և վերադարձել:
Երբ մատուցողը մոտեցել է իրենց Ավետյանը հարցրել է` «կարո՞ղ է գլխարկով էլ է արգելվում մուտքը ռեստորանային համալիր»: Այս հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել մատուցողի ու Վահե Ավետյանի միջև, որը շարունակվել է ռեստորանի բակում, և մատուցողը բռունցքով հարվածել է Ավետյանի դեմքին, նրան պատճառելով մարմնական վնասվածք: Դրան հաջորդել է ռեստորանային համալիրի մի խումբ աշխատակիցների կողմից Վահե Ավետյանին ու նրա ընկերներին ծեծի ենթարկելը: Արդյունքում Վահե Ավետյանը, նրա ընկերներ Գարիկ Սողոմոնյանը և Արտակ Բայադյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Զինվորական հոսպիտալ: Հունիսի 29-ին գիտակցության չգալով Վահե Ավետյանը մահացել է:
Հունիսի 18-ին հարուցվում է քրեական գործ ՀՀ Քր. Օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Անձի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը»:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Վահե Ավետյանը, Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը և Արկադի Աղաջանյանը ճանաչվել են որպես տուժողներ: Դատաբժշկական փորձաքննության տվյալներով, Վահե Ավետյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, որը կազմվել է նրա կենդանության օրոք, մյուս երկուսին` պատճառվել է միջին ծանրության վնաս:
Այժմ կալանավորված են ռեստորանային համալիրի յոթ աշխատակիցներ: Նրանք են` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, վարորդ-առաքիչ Արթուր Բաբլոյանը մատուցող Դավիթ Ադամյան և մենեջեր Դավիթ Հայրյան: Վերջինը սակայն, ազատ է արձակվել, քանի որ տուժողներն ասել են, որ իրենց ծեծողների մեջ Հայրյանը չի եղել:
Վահե Ավետյանի մահվանից հետո դարձյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` պարզելու նրան պատճառվածմարմնական վնասվածքների և մահվան միջև անմիջական պատճառահետևանքային կապը: Այս փորձաքննության եզրակացությունից հետո միայն հնարավոր կլինի պատասխանել հարցին` Վահե Ավետյանի մահվանից հետո քրեական գործով առաջադրված մեղադրանքը կվերաորակավորվի՞, թե՞ ոչ: