Իսկանդարյան. Հայաստանում «նեո ձախերի» շարժում է ձևավորվում
«Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացները որևէ կապ չունեն «արաբական գարնան» հետ: Պարզապես մեր երկրում ձևավորվում է մի շարժում, որը եվրոպական երկրներում անվանվում է որպես «նոր ձախեր», - այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ բանախոսի, դեռ վաղ է խոսել քաղաքական նոր ուժի ձևավորման մասին, քանի որ այն հիմնականում գրեթե նույն սոցիալական ծագման, հիմնականում` միջին խավից, կրթական մակարդակի, նույն գաղափարներ դավանող մարդկանց մի փոքր խումբ է, որը դեռ պետք է ինքնակարգավորվի:
«Այս նոր հասարակական ցանցի ակտիվիստներին միավորում են ընդհանուր մոտեցումները. պայքար բնապահպանական խնդիրների, սոցիալական արդարության, դեսիմիլյացիայի, հարստության վերաբաշխման համար: Փաստացի, սա այն ամենն է, ինչ ներկայացնում են եվրոպական «նեո ձախերը», - պարզաբանեց բանախոսը:
Նրա խոսքով` ժամանակին եվրոպական «նոր ձախերի» շարժումները ներկայումս հայտնի կուսակցություներ են, որոնք ձևավորվել են նույն ճանապարհով. սկզբում արծածում էին բնապահպանական խնդիրներ, դրան զուգահեռ գործում էին հակաուրբանիզացիոն` «ոչ մի նորը ոչ մի հին տեղ չի կառուցվելու» սկզբունքով:
«Այսօր այս ակտիվիստները հետաքրքվում են և՛ բնապահպանական խնդիրներով, և´ եկեղեցիների, հայոց լեզվի խնդիրներով, արձագանքում են Վահե Ավետյանի սպանությանը և այլն»,-ասաց բանախոսը:
Ա. Իսկանդարյանի գնահատմամբ` «նոր ձախերի» շարժումը Հայաստանում սկիզբ է առել երկու տարի առաջ` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պաշտպանությանն ուղղված բողոքով, երբ ավելի քան 24 հազար ստորագրություն է հավաքվել, դրա վառ դրսևորումներից էր Մաշտոցի այգու և «Փակ շուկայի» պաշտպանության ցույցերը: Ըստ բանախոսի` այս շարժման ակտիվիստներին անհրաժեշտ են առիթներ, որոնք կլինեն և հետագայում, բայց դրանք զուտ «առիթներ» չեն, այլ հասարակության անհանդուրժողականության դրսևորումն այս կամ այն երևույթի նկատմամբ:
Ա. Իսկանդարյանի համոզմամբ` անհիմն են պնդումները, թե նման «բողոքավոր» զանգվածը» սնվում է արտերկրից: «Նրանք ասում են նույնը, ինչ կասի և´ տաքսիի վարորդը, և´ թոշակառուն, հասարակության ցանկացած մարդ: Բայց կա նաև տարբերություն, թե ով և ինչպես կարող է օգտագործել այս շարժումը», - նկատեց քաղաքագետը: Նրա խոսքով` նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական տարբեր ուժեր կփորձեն ներառել այս ակտիվ զանգվածը:
Քաղաքագետի գնահատականով` պետք չէ նաև մտահոգվել, որ այս հասարակական ցանց – շարժումը կարող է դառնալ նոր մի կուսակցություն և բերել որևէ արմատական փոփոխությունների:
«Երբ ես այդ ակտիվիստների ցույցերին տեսնեմ ոչ թե 200-300 մարդ, այլ մի 40-50.000 մարդ, և այդ ցույցերին մասնակցեն խանութի վաճառականները, բանվորները՝ այսինքն տարբեր խավերի ներկայացուցիչներ, ապա այդ ժամանակ այդ ակտիվությունը կարող է վերածվել քաղաքական շարժման»,- ասաց Ա.Իսկանդարյանը:
Ինչ վերաբերվում է Հայաստանում գործող սոցիալիստական կուսակցություններին, բանախոսի գնահատմամբ, դրանք արդեն հեռացել են իրենց բուն արմատներից և, լինելով կայացած և պատմություն ունեցող քաղաքական ուժեր` ներկայացնում են ամբողջովին այլ հասարակական շահեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում