Խնդրի կարգավորման ամենամեծ խոչընդոտներից է բանակցային խեղաթյուրված ձևաչափը. Բ. Սահակյանը` միջնորդներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ և Ժակ Ֆորին /Ֆրանսիա/:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանը համանախագահների հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունն է և բանակցային խեղաթյուրված ձևաչափը: Այս առումով երկրի ղեկավարը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շարունակել իրենց աշխատանքը՝ Ադրբեջանին կառուցողական հուն բերելու և լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: