Ա. Գևորգյան. «Լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունն անհրաժեշտություն էր»
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր որոշ լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է Սևանա լճից ջրառի անհրաժեշտությանը, ոռոգման ջրի սակագնի, նորմատիվների փոփոխությունների մասին հայտարարություններին.
«Սևանա լճից լրացուցիչ ջրառի խնդիրը շարունակում է մնալ արդիական, քանի որ սակավաջուր տարով պայմանավորված` ջրային պաշարները բավարար չէին գյուղատնտեսության համար լիարժեք ոռոգում իրականացնելու համար: Մենք սովորաբար Սևանից ոռոգման նպատակով ջուր սկսում էինք վերցնել հունիսի կեսերին, և օրենքով նախատեսված 170մլն խմ ջրաքանակը բավարարում էր: Այս տարի, ինչպես բազմիցս նշվել է, Սևանից ջրառն սկսվել է մայիսի 2-ից, և հուլիսի 10-ի դրությամբ արդեն 143 մլն խմ վերցվել է: Այս տեմպերի դեպքում 170 մլն խմ-ը կսպառվի հուլիսի վերջին: Ուստի լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունն անհրաժեշտություն էր` գյուղացիական տնտեսությունների համար անխափան ջրամատակարարում ապահովելու համար: Հաշվի առնելով, որ երկու խոշոր դոտացիոն` 91 մլն խմ ծավալ ունեցող Ապարանի և 70 մլն խմ ծավալ ունեցող Ազատի ջրամբարներում այս տարի կուտակվել է համապատասխանաբար 39.3 մլն և 63.6 մլն խմ, իսկ Հրազդան գետի ջրատվությունը, որը Սևան-հրազդանյան համակարգի հիմնական աղբյուրներից մեկն է, անցած տարվա համեմատ 2 անգամ պակաս էր, մենք պարտավոր էինք բոլոր միջոցները ձեռնարկել` անխափան ոռոգում ապահովելու համար:
Միաժամանակ Սևանից բաց թողնվող ջուրն առավելագույնս օգտագործվելու է խնայողաբար: Ցանկանում եմ հիշեցնել, որ 2008 թ-ին ևս Ազգային ժողովը Սևանից 360 մլն խմ ջրբացթողում արտոնեց, բայց օգտագործվեց ընդամենը 302 մլն խմ-ը: Անձրևային եղանակը, ինչի մասին նշում են որոշ փորձագետներ, կնպաստի ջրի պահանջի նվազմանը, և դա, անկասկած, կազդի Սևանից բաց թողնվող ջրի ծավալների վրա: Այս վերջին շրջանում այդպիսի միտում նկատվում է. Եթե մայիսից մինչև հունիսի կեսերը Սևանից օրական վերցվում էր միջինը 2-3 մլն խմ, հուլիսի 10-ին, օրինակ, վերցվել է 1,8 մլն խմ: Այնպես որ, հնարավոր է, որ ոռոգման շրջանի ավարտին ունենանք ոչ թե 320 մլն ջրառ, որի թույլտվությունը տրվել է օրենքով, այլ ավելի քիչ: Սևանից բաց թողնվող ջուրը բացառապես օգտագործվում է ոռոգման համար, և այն էներգետիկ նպատակներով վերցնելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Որևէ այլ նպատակ, բացի ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուց, չի հետապնդվել:
Ինչ վերաբերում է ՋՕԸ-երի կողմից ջրի սակագների բարձրացման կամ նորմատիվների փոփոխությունների մասին հայտարարություններին, ապա պետք է նշել, որ նման փոփոխություններ կատարվում են ոչ թե ՋՕԸ-երի, ինչպես նշում են որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ կառավարության կողմից: Ներկայիս գործող սակագինը` 1 խմ դիմաց 11 դրամ, սահմանվել է դեռևս 2007 թ. կառավարության որոշումով և վերհաստատվել է 2010 թ-ին: Մինչև չլինի համապատասխան կառավարության որոշում, որևէ մեկը որևէ
սակագին չի կարող փոխել: Այլ խնդիր է, որ գյուղացիական տնտեսություններում կարող է ջրի ծավալի օգտագործումն ավելանալ. Դրանք արդեն կոնկրետ ՋՕԸ-ի և գյուղացու միջև կնքված պայմանագրի շրջանակում գտնվող հարաբերություններ են:
Նորմատիվները նույնպես չեն փոխվել, դրանք հաստատվել են 2007թ-ին և փոփոխության անհրաժեշտություն առայժմ չկա»:
Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան