2004թ-ին ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի դիտողությունները պետության կողմից հաշվի չեն առնվել. Ի՞նչ կլինի այս անգամ
ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն այս տարի անդրադառնալու է ՀՀ-ում երեխաների իրավունքների հիմնախնդիրներին և այս կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Երեխաների իրավունքների պաշտպանության վարչությունը այլընտրանքային զեկույց է պատրաստում, որն էլ ներկայացնելու է կոմիտեին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՄԻՊ աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպան Աիդա Մուրադյանը:
«Հայաստանը կոմիտեին վերջին հաշվետվությունը ներկայացրել է 2004թ-ին և կոմիտեի դիտողություններն էլ հենց այդ ժամանակ են ներկայացվել: Սակայն 2004թ-ից առ այսօր այդ դիտողությունների գերակշիռ մասը պետության կողմից հաշվի չեն առնվել: Պաշտպանն իր այս հաշվետվությունում մասնավորապես անդրադառնալու է հենց այն դիտողություններին, որոնք կոմիտեն ներկայացրել է պետությանը` որոշակի քայլեր կատարել այս կամ այն ուղղությամբ, բայց պետությունը անհրաժեշտ քայլերը չի ձեռնարկել կամ ձեռնարկել է ոչ բավարար»,-նշեց Ա.Մուրադյանը:
Մեր հարցադրմանն ի պատասխան, թե կոնկրետ որ դիտողություններում է թերացել կամ առհասարակ որոնք է անտեսել պետությունը, մեր զրուցակիցը նշեց, որ խոսքը կոնկրետ 8 ոլորտներին է վերաբերում, որոնց անդրադառնում է հաշվետվությունը: Դրանք են օրենսդրությունը, երեխաների այլընտրանքային խնամքը, երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմները և այլն.
«ՄԻՊ գրասենյակն, ունենալով որոշակի գերակայություններ, մասնավորապես, ուշադրություն է դարձրել Հայաստանում որդեգրման խնդիրներին, հատկապես խնամատար ընտանիքի ինստիտուտի կայացման կոնտեքստում առկա խնդիրներին, անչափահասների արդարադատության խնդրին և այլն»,- թվարկեց Panorama.am-ի զրուցակիցն ու ավելացրեց, որ քանի որ այսօրվա դրությամբ զեկույցը դեռ մշակման փուլում է և վերջնական տեսքի չի բերվել, ապաև դժվար է կոնկրետացնել այն ամենը, ինչ կլինի վերջնական տարբերակում: Բայց հիմնախնդիրների շրջանակը հենց սա է:
Հաշվետվությունը ՄԻՊ գրասենյակի կողմից ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեին կներկայացվի արդեն օգոստոսի սկզբին (այդժամ էլ այն հանրամատչելի կդառնա), և 2013թ-ի սկզբին կայանալիք ամփոփիչ նիստում, որին ներկա է լինելու թե ՀՀ կառավարության ներկայացուցիչը, թե ՀՀ ՄԻ պաշտպանը և թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը, կոմիտեն կներկայացնի իր դիտողությունները պետությանը:
Հետաքրքրվեցինք` աշխատելով փաստաթղթի վրա, ի՞նչ եզրահանգման կարելի է գալ, ի՞նչ վիճակում է երեխաների իրավունքների պաշտպանությունը մեր երկրում.
«Ոլորտում, իհարկե, կատարվել են որոշակի աշխատանքներ, առաջընթաց էլ կա ու արվել են որոշակի քայլեր բարելավմանն ուղղված: Սակայն դա անհամեմատ քիչ է` լուծելու այն խնդիրները, որոնք առկա են երեխաների պաշտպանության ոլորտում և անելիքներն էլ շատ են:
Կարծում եմ` կոմիտեն էլ իր դիտողություններում անդրադարձ կանի նրան, որ Հայաստանն այս տարիների ընթացքում իրականում համապատասխան ու բավարար քայլեր չի ձեռնարկել խնդիրների լուծման համար»,- ասաց Աիդա Մուրադյանն ու օրինակ բերեց. 2004թ-ին ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն իր եզրափակիչ դիտողություններում անդրադարձ կատարելով համակարգում մոնիթորինգի մեխանիզմներին խրախուսել էր պետությանը ստեղծել Երեխաների իրավունքների պաշտպանության մարմին և առաջարկել էր, որպեսզի դա լինի օմբուդսմենի գրասենյակում: Սակայն 2004թ-ին ներկայացրած այդ առաջարկը կյանքի է կոչվել ընդամենը անցած տարի` 2011թ-ին, երբ ՄԻՊ գրասենյակում ստեղծվեց Երեխաների իրավունքների պաշտպանության վարչությունը:
Սույն զեկույցում ոլորտ առ ոլորտ ներկայացվելու են նաև ՄԻ պաշտպանի առաջարկությունները: Այդպես օրինակ, զեկույցի ներկայիս փուլում ներառված են հետևյալ առաջարկությունները, որոնք հավանաբար տեղ կգտնեն վերջնական տարբերակում`
• Համապատասխան քայլեր ձեռնարկել կանխարգելելու համար մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թվի ավելացումը:
• Մշակել հատուկ քաղաքականություն ուղղված մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հետ տարվող աշխատանքների որակի բարելավմանը և գոյություն ունեցող համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ:
• Բարելավել սոցիալական աջակցության համակարգը, մասնավորապես՝ ընտանեկան նպաստի և երեխայի խնամքի համար հատկացվող նպաստի կարգը:
• Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսել hանձնաժողովի թափանցիկ գործունեությունը ապահովելու վերաբերյալ անհրաժեշտ դրույթներ:
• Սահմանել հատուկ արտոնություններ հաշմանդամություն ունեցող երեխաներին որդեգրող ընտանիքների համար:
• Ձեռնարկել համապատասխան քայլեր Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովման, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացման, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավման ուղղությամբ:
• Ապահովել երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություներում և մանկատներում խնամվող մինչև 18 տարեկան երեխաների ընտանիք վերադարձը:
- Օգտագործելով Հայաստանում փորձնական ծրագրի արդյունքներն ու փորձառությունը Պետական բյուջեում համապատասխան վերաբաշխումներ կատարել և ավելացնել խնամատար ընտանիքների թիվը:
• Միջոցառումներ մշակել կանխարգելելու համար հաստատություններում տեղավորման ռիսկի ենթակա երեխաների մուտքը այդ հաստատություններ:
• Համակարգել մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանութjունը, նրանց հետագա ինքնուրույն կյանքի կազմակերպումը և հասարակությանը ինտեգրման գործընթացը, և այլն:
Նշենք, որ բացի ՄԻՊ-ից, կոմիտեին ոլորտի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնելու նաև քաղաքացիական հասարակությունը` շուրջ 45 հասարակական կազմակերպություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա