Քաղաքացիական հասարակությունը կարող է դառնալ ՀՀ նախագահի հենարանը
«Голос Армении»-ն հիշեցնում է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի արդարացի հայտարարությունն այն մասին, որ իշխանությունն այլընտրանք չունի, այդ իսկ պատճառով կառավարության ծրագիրը խորհրդարանի ընդդիմությունն ու իշխանությունը իրականացնելու են միասին, իսկ ահա ընդդիմությունն այդ փուլում ունի այլընտրանք, և դա քաղաքացիական հասարակությունն է:
Ինչպես նկատում է թերթը` իշխանությունն այսօր իսկապես կարող է փոխել իր գործընկերոջը` ծայրահեղ և մերժողական քաղաքականություն քարոզող ընդդիմությանը փոխարինելով «հանուն»-ի համար պայքարող քաղաքացիական հասարակությամբ: Անդրադառնալով Մաշտոցի պուրակի հարցում և ապա «Հարսնաքարի» դեպքից հետո ՀՀ նախագահի դիրքորոշմանը` «ГА»-ն նկատում է, որ Սերժ Սարգսյանն ակտիվ երկխոսության և համագործակցության մեջ է երկրում ձևավորվող քաղաքացիական հասարակության հետ:
Ըստ թերթի` հասարակության ակտիվ զանգվածի կարծիքի հետ հաշվի նստելու ՀՀ գործող նախագահի պատրաստակամությունը գալիք նախագահական ընտրություններին էականորեն կթոթափի քաղաքական լարվածությունը. «Եթե 2013թ-ի ընտրություններին գործող նախագահի հիմնական մրցակիցները լինեն օլիգարխն ու ՀՀՇ-ական ռեժիմի առաջնորդ նախկին նախագահը, ապա դժվար չէ կռահել, թե ում նախապատվություն կտա քաղաքացիական հասարակությունը»: