Հայաստանում ամուսնության տարիքը հենց այնպես չի սահմանվել 18. պարզաբանում է Հրայր Թովմասյանը
Հայաստանում կանանց և տղամարդկանց համար ամուսնության տարիք է սահմանվելու միևնույն` 18 տարեկանը: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ կառավարության հավանությանը ներկայացնելով ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով:
«Գործող օրենքով ներկայումս կնոջ և տղամարդու ամուսնանալու տարիք է սահմանված, համապատասխանաբար, 17-ը և 18-ը, ինչը գենդերային անհավասարություն էր ստեղծում: Այս մասին մշտապես բարձրաձայնում էին նաև միջազգային կազմակերպությունները՝ Հայաստանի իշխանություններին հորդորելով, որ ապահովեն գենդերային հավասարությունը»,- ասաց նախարարը:
Նշվեց նաև, որ հաշվի է առվել նաև այն հանգամանքը, որ դպրոցական կրթությունը նախկին 10 տարվա փոխարեն սահմանվել է 12 տարի: Այսինքն` աղջիկները 17 տարեկանում դեռևս դպրոցական են, ինչը նպատակահարմար չի դարձնում ամուսնությունը: Երկրորդ` առկա է առողջապահության նախարարության եզրակացությունն այն մասին, որ կանանց վաղ տարիքում հղիությունը հետագայում մի շարք առողջական խնդիրներ է առաջացնում: Բացի այդ, ինչպես նշեց Հ.Թովմասյանը, վիճակագրության համաձայն՝ ամուսնական տարիքը Հայաստանում բարձրացել է: Եթե 1990-ական թվականներին 16-17 հազար ամուսնությունից 250-ում աղջիկները 17-18 տարեկան էին, 2008-2010 թթ-ին այդ թիվը հասել է 100-ի, ապա ներկայումս այդ թիվը 50-ից չի անցնում: