Ալեքսանդր Մարգարով. Արցախում ընթացող ցանկացած քաղաքական գործընթաց կարևոր է որպես երևույթ
Արցախում իրականացվող ցանակացած ընտրական գործընթաց, այդ թվում նաև հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունները առաջին հերթին կարևորվում են ոչ թե բուն ընտրական գործընթացի ներքաղաքական զարգացումների առումով, այլ այն տեսանկյունից, որ միջազգայնորեն դեռևս չճանաչված այս երկրում ընտրությունները վեր են ածվել առօրյա քաղաքական գործընթացի շարունակական, նորմալ երևույթի: Անդրադառնալով ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
«Հուլիսի 19-ին Ղարաբաղում կկայանան նախագահական ընտրություններ, ինչը քաղաքական գործընթացի արդեն սովորական դարձած մի մասն է և այն որոշակի հաշվետվություն է հասարակության առջև: Ղարաբաղի հասարակության մեջ կա համախմբվածություն և այս տեսանկյունից մեզ համար կարևոր է ընտրությունների երևույթը այս երկրում: Էական է ոչ թե այն, թե ով կընտրվի, այլ երևույթը ընդհանրապես»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը:
Քաղաքագետը նշեց, որ չի կիսում այն տեսակետը, թե Ղարաբաղում չկա ընդդիմություն: Վերջինիս կարծիքով՝ առկա պայմաններում արցախյան ընտրական գործընթացներում գոյություն ունի մրցակցային պայքար, սակայն այդ պայքարը տանում է դեպի հասարակության կոնսոլիդացիա՝ համախմբում համազգային նպատակների շուրջ:
Իր հերթին ասուլիսին ներկա կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն, ևս կարևորելով ԼՂՀ-ում կայանալիք ընտրությունները, նշեց, որ Արցախում ընթացող ցանկացած ընտրական գործընթաց թե բարոյական և թե քաղաքական բավականին լուրջ ճնշում է Ադրբեջանի և, դեռևս Արցախը չճանաչած միջազգային հանրության վրա:
Ըստ Հարություն Մեսրոբյանի՝ ընտրությունները ցույց են տալիս, որ գոյություն ունի մի պետություն, որն անկախ նրանից, մյուս պետությունները ընդունում են, թե՝ ոչ, գործում է:
«Երբ այս ֆոնի վրա տեղի են ունենում ընտրություններ, բոլորը հասկանում են, որ սա հայկական գործոնի հետևանք է, և ուզեն, թե չուզեն, պետք է հաշվի նստեն: Ադրբեջանը միշտ այս շրջանում լարվածության մեջ է հայտնվում: Երբ ամբողջ աշխարհում Արցախի ընտրությունների մասին խոսում են, Ադրբեջանը հոգեբանական ճնշվածության մեջ է հայտնվում»,- նշեց Հարություն Մեսրոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում