ԱՄՆ և ՀՀ կառավարությունները մեկնարկում են հակակոռուպցիոն իրազեկման ծրագիր
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը և ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնապես նշանավորել են հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագրի մեկնարկը:
Ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ, 77.000 ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային նյութերի չտարածման հարցերով գրասենյակի կողմից և իրականացվում է 2008թ. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից ստորագրված Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում:
Ծրագրի նպատակն է մեծացնել Հայաստան մուտք գործող և Հայաստանից մեկնող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների իրազեկվածությունը հակակոռուպցիոն հարցերի շուրջ` նրանց համար պարզաբանելով սահմանային անցակետերում և մաքսակետերում կիրառվող ընթացակարգերը: Այս նպատակով պատրաստվել են թերթոններ, պաստառներ, սոցիալական գովազդ հեռուստատեսությամբ և ռադիոյով եթեր հեռարձակելու համար, իսկ տպագիր նյութերը թարգմանվել են անգլերեն ու ռուսերեն:
Նյութերում ներկայացված է թարմ տեղեկատվություն Հայաստանի սահմանը հատող և մաքսակետերով անցնող քաղաքացիների իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև կան զգուշացումներ կաշառքի անօրինականության մասին` քաղաքացիների կամ պետական պաշտոնյաների կողմից: Նյութերում նաև զետեղված եմ թեժ գծի հեռախոսահամարներ, որոնք քաղաքացիները կարող են օգտագործել Հայաստանի սահմանը հատելիս կամ մաքսակետերով անցնելիս ունեցած խնդիրների մասին հաղորդելու համար:
Հակակոռուպցիոն նյութերը բաժանվելու ու տեղակայվելու են Հայաստանի բոլոր սահմանային անցակետերում, այդ թվում «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններում, Բագրատաշեն, Գոգավան, Բավրա, Մեղրի սահմանային անցակետերում և այդ նույն վայրերի մաքսակետերում, ինչպես նաև Այրում երկաթուղային կայարանի մաքսակետում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա