ԲՀԿ-ն կմիանա՞ ՀԱԿ նախաձեռնությանը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր հանդես էր եկել նախաձեռնությամբ` հաշվի առնելով ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ` հուլիսի 17-ին ժամը 12-ին հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան` «Հարսնաքարի» դեպքերի հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին օրակարգով: Եվ վաղը պարզ կլինի` կհավաքվի արդյո՞ք անհրաժեշտ քանակությամբ ստորագրությունները ` թվով 44, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի:
Panorama.am-ը փորձեց պարզել նշված խմբակցությունների տրամադրվածությունը հարցի առնչությամբ. այսպես` ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանն ասաց, որ դրական է տրամադրված նախաձեռնությանը և հավելեց, որ իրենք մասնակցելու են ստորագրահավաքին: (Վահան Հովհաննիսյանի հետ զրույցը` հաջորդիվ)
«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ Panorama.am-ին հայտարարել էր, թե իրենք պատրաստակամ են միանալ նախաձեռնությանը, բայց և ընդգծել. «Թեպետ խորհրդարանի 4 խմբակցությունների` Հայ Ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Դաշնակցության անդամների թիվն անցնում է 44-ը, սակայն Փոստանջյանի խոսքով, չորս խմբակցությունների ստորագրությունները բավարար չեն լինի արտահերթ նիստի անցկացման համար»:
Փոստանջյանը նաև կասկածամիտ էր ԲՀԿ-ի` նախաձեռնությանը միանալուն. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցության ոչ բոլոր անդամներն են համաձայն միանալ նախաձեռնությանը: Մենք նախապես այդ դաշտն ուսումնասիրել ենք: Այնտեղից միայն մի քանիսը ցանկություն ունենմիանալ, հետևաբար հույս դնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության վրա, ես կարծում եմ, լուրջ չէ»:
ԲՀԿ-ականներ Վարդան Օսկանյանը, Ռուբեն Գևորգյանը, Մարտուն Գրիգորյանը, Գրիշա Մարգարյանը պարզապես չպատասխանեցին հեռախոսազանգերին:
«Մենք տեղեկացանք այսօր, որ ՀԱԿ-ը նման նախաձեռնությամբ է հանդես եկել, չնայած ես վերջին շրջանում մամուլում պարբերաբար հայտարարել եմ, որ եթե նման նախաձեռնություն լինի, ապա ռեալ չեմ համարում այս փուլում, երբ պատգամավորների գերակշիռ մասը հանրապետությունում չէ, 44 ստորագրություն հավաքել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` հիշեցնելով, որ երկուշաբթի օրվանից Ազգային Ժողովում արդեն պաշտոնապես մեկնարկելու է արձակուրդը:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ում խնդիրը չի քննարկվել, բայց վաղը այն պատգամավորները, որոնք հանրապետությունում են, նրանց հետ քննարկում կլինի: Թեև ավելացրեց, որ այդ ԲՀԿ-ականների թիվն առանձնապես մեծ չէ.
«Ես չեմ բացառում, որ մի քանի պատգամավորներ, որոնք այս պահին հանրապետությունում են կմիանան նախաձեռնությանը: Բայց վստահաբար կարող եմ ասել, որ այդ թիվը միանշանակ բավարար չի լինելու անհրաժեշտ 44 ձայնն ապահովելու համար»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, ապա վերջինս ևս նշեց, որ նման քննարկում մինչ այս պահը չի եղել և հարցին ավելի սպառիչ պատասխանել, այն է` կմիանա՞ նախաձեռնությանը, թե ոչ, կկարողանա պատասխանել ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա