«Դատախազը, որպես լավ տղա, տղուն ուղարկում ա դատվելու». Լրագրողի գործը դատարանում է
«Ռեգնում» լրատվական գործակալության լրագրող Ռուբեն Գրդզելյանին ծեծելու կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Լրագրողը պնդում է, որ ծեծկռտուքի գլխավոր մեղավորը ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանն է, սակայն նույն քրեական գործի շրջանակներում Մանրիկյանն անցնում է որպես տուժող: Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի ` «մարմնական թեթև վնասվածքներ հասցնելը» հատկանիշներով հարուցված քրեական գործով մեղադրյալներ անցնում են լրագրող Գրդզելյանը և դատախազ Մանրիկյանի որդին` Ալբերտ Մանրիկյանը. վերջինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` Ռուբեն Գրդզելյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու համար, իսկ լրագրող Ռուբեն Գրդզելյանին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել Մեսրոպ Մանրիկյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու համար:
Եվ Մանրիկյանի, և Գրդզելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Գրդզելյանն ասաց, որ իր փաստաբան Արթուր Գրիգորյանը Մեսրոպ Մանրիկյանի նկատմամբ ՀՀ Քր. Օր.-ի 118-րդ հոդվածի (Ծեծը) հատկանիշներով մեղադրանք առաջադրելու մասին միջնորդություն է ներկայացրել գործը քննող քննիչին, սակայն միջնորդությունը մերժվել է:
«Մենք ուզում էինք, որ իմ վրայից մեղադրանքները հանեն և խուլիգան Մանրիկյանի նկատմամբ մեղադրանք առաջադրեին, որովհետև ինքն էր այդ ամենի նախաձեռնողը: Այդ պատմության հեղինակն ու մեղավորը Մանրիկյանն է, քանի որ տրամադրվածություն կար իրեն ազատել պատասխանատվությունից, իրեն ներկայացրել են որպես տուժող ինքն էլ, որպես լավ տղա, տղուն ուղարկում ա, որ դատվի», -մեզ հետ զրույցում ասաց լրագրող Գրդզելյանը:
Հիշեցնենք` դեպքը տեղի էր ունեցել մայիսի 12-ին, գիշերը ժամը 23.30-ի սահմաններում, երբ Երևանի շենքերից մեկի բակում, զբոսանքի ժամանակ երեխաները խանգարել էին, որ Մեսրոպ Մանրիկյանի մեքենան դուրս գա բակից: Դա դուր չէր եկել Մանրիկյանին, և նա լեզվակռվի մեջ էր մտել Գրդզելյանի հետ ու հարվածել նրան: Ստանալով պատասխան հարված, Մանրիկյանն ու նրան ուղեկցող մի անձ, լրագրողի պատմելով, հարձակվել են իր վրա, որոնց միացել են նաև Մանրիկյանի որդին ու ևս մեկը. չորս անձ ծեծել են Գրդզելյանին, մինչև վերջինը չի կորցրել գիտակցությունը:
Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով տեղի ունեցածը, տեղեկացրել էր, որ «կենցաղային հողի վրա առաջացած միջադեպի» վերաբերյալ նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
Նախորդիվ`
Մեսրոպ Մանրիկյանն ինձ ապտակեց խոսակցության ժամանակ, և դրանից հետո գնաց ծեծկռտուքը. Պատմում է լրագրողը
Լրագրողին ծեծելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել. Գրդզելյանը բավարարված չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան