Ինչո՞ւ «գաիշնիկները» ջիփերը չեն տուգանում
Այս տեսարանին հանդիպեցինք օրը ցերեկով Մաշտոցի պողոտայում: Պետավտոտեսչության մեքենաներն այս հատվածում գրեթե միշտ լինում են՝ Օպերային թատրոնի հարևանությամբ, որտեղ արգելված է այլ տրանսպորտային միջոցների կայանումը: Եվ բոլոր վարորդները այդ մասին գիտեն:
Սակայն, ինչպես տեսնում ենք լուսանկարում պատկերված ջիփի վարորդին դա քիչ է հուզում և նա իր շքեղ ու մեծ չափսերի հասնող ավտոմեքենան կանգնեցրել է, այսպես ասած, հենց «գաիշնիկի» քթի տակ, այն էլ «զեբռա»-ի վրա՝ հետիոտնի համար նախատեսված գոտում, որի վրա կայանելը լուրջ խախտում է համարվում: Ու գնացել իր գործերով:
Իրականում կարևոր չէ, թե ինչ համարանիշ է իրավախախտ այս մեքենայի վրա և քանի 5 կար դրանում: Կարևորն այն է, որ եթե այս ջիփի փոխարեն այսպիսի ակնհայտ խախտում, այն էլ պետավտոտեսուչի տեսադաշտում թույլ տար որևէ այլ մեքենա, ասենք ՝տաքսի կամ էլ առանց «5»-ի համարներով, պատկերը լրիվ այլ կլիներ: Եվ լավագույն դեպքում այդ մեքենան քարշակով կտեղափոխեին տուգանային հրապարակ, մի քանի տասնյակ հազար դրամի հասնող տուգանքն էլ հետը :
Գուցե խնդիրը նրանում է , որ ոստիկանական քարշակը չէ՞ր կարող այս աժդահային տեղափոխել…