Արսեն Այվազյան. Փորձաքննության եզրակացությունը նոր լույս է սփռել փուչիկների գործին
Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառման ընթացքում գազով լցված փուչիկների բռնկման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացվել են համալիր փորձաքննություններ: Դրանց արդյունքներն արդեն ոստիկանությունում են: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության բաժնի պետ Արսեն Այվազյանը Panorama.am-ին հայտնեց, որ ստացված եզրակացությունը գործին բավականին լույս սփռեց:
Հիշեցնենք, որ փուչիկների բռնկման հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում` երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Պայթյունի պատճառով այրվածքներ են ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
-Պարոն Այվազյան, ի՞նչ զարգացումներ կան:
-Մենք ստացանք համալիր փորձաքննության արդյունքները, որի մասին խոսել էինք, մասնավորապես դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատաենթագիտական փորձաքննության մասին է խոսքը: Այդ եզրակացությունը գործին բավականին լույս սփռեց: Ես շեշտեմ, որ թեև կային վարկածներ, ու որոշ մասնագետներ փորձել էին իրենց կարծիքը հայտնել, թե միանշանակ մեթան գազով են լիցքավարված եղել փուչիկները, բայց նախաքննական մարմինն իրավունք չունի առանց փորձաքննության եզրակացությունը ստանալու պաշտոնապես նման հայտարարություն անի, սակայն այսօր մենք միանշանակ կարող ենք ասել, որ այո, մեթանով են փուչիկները լիցքավորված եղել: Փուչիկներում եղել է սեղմված մեթան տեսակի գազ:
-Հայտնի՞ են լիցքավորողները:
-Այո, այդ հանգամանքը պարզված է: Հստակ է` որտեղ, երբ և ով:
-Եվ ի՞նչ:
-Այս պահին մենք իրականացնում ենք փորձաքննության եզրակացությունից բխող համապատասխան քննչական գործողություններ` ընդունված կարգի համաձայն:
-Ի նկատի ունեմ, որտե՞ղ են փուչիկները լիցքավորվել, ո՞ւմ կողմից:
-Այդ ինֆորմացիան լրացուցիչ մենք կտրամադրենք Ձեզ, ուղղակի քանի որ մենք փորձաքննության եզրակացությունից բխող անհետաձգելի քննչական գործողություններ ունենք, հիմա դրանք կատարում ենք: Կատարենք, վերջացնենք, ամբողջացնենք մեր նյութը, որից հետո մենք համապատասխան ամբողջական հրապարակում կունենանք և կիրազեկենք:
-Ասում են փուչիկները բնակարանում են լիցքավորվել, համապատասխանո՞ւմ են այդ լուրերը իրականությանը:
-Այո, համապատասխանում են: Երևանյան բնակարաններից մեկում, հեռու չգնանք, լիցքավորողի բնակարանում:
-Քանի՞ փուչիկ է լիցքավորվել, ի՞նչ գումարով, երբվանի՞ց է այդ մարդը նման գործունեություն ծավալում:
-Լիցքավորվել են ընդհանուր առմամբ մոտ 7 հազար փուչիկ: Փուչիկների լիցքավորումը սկսվել է առավոտյան, ավարտվել երեկոյան` ժամը 17-ի սահմաններում, որից հետո դրանք տեղափոխվել են Հանրապետության Հրապարակ: Ես խնդրում եմ, եթե հնարավոր է, այսքանը, որովհետև մեր եզրակացության շուրջ ինֆորմացիան այդ մասով է: Մենք, անշուշտ կունենանք լրացուցիչ հրապարակումներ, որտեղ հնարավորինս ամբողջական ինֆորմացիա կտրամադրվի:
-Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել եք, որ որևէ իրավական ակտով չի արգելվում փուչիկները լիցքավորել մեթանով: Դա նշանակո՞ւմ է, որ լիցքավորողը պատասխանատվության չի ենթարկվի:
-Պատասխանատվությանը մենք լրացուցիչ կանդրադառնանք: Պարզապես այստեղ մի հստակեցում պետք է արվի, ոչ թե չի արգելվում մեթանով լիցքավորումը, այլ այստեղ խոսքը վերաբերում է հետևյալին, չկա որևէ նորմատիվ իրավական ակտ, որը կարգավորի այդ ոլորտը: Այսինքն` մենք այդ ոլորտում ունենք օրենսդրական բաց: Ըստ փորձաքննության եզրակացության, ես հիմա կասեմ որ ոլորտներում է մեթան գազ կիրառվում, օգտագործվում: Դա բնական գազն է, որը կոչվում է նաև մեթան գազ: Բնական գազը` չսեղմված տեսքով օգտագործվում է արտադրության ոլորտում, կենցաղում, բնակարաններում, և նույն մեթան գազը` արդեն սեղմված տարբերակով օգտագործվում է ավտոմեքենաների շահագործման նպատակով` որպես այլընտրանքային վառելանյութ: Հիմա տեսեք` ինչ է ստացվում: Մենք ունենք ՀՀ նորմատիվ իրավական ակտեր, որոնք կարգավորում են հիշյալ ոլորտները, այստեղ հարաբերությունները կարգավորված են: Ինչ վերաբերում է այս ոլորտներից դուրս մեթան գազի օգտագործմանը, այ էդ մասով մենք արդեն խնդիր ունենք, մասնավորապես խնդիր, որ ենթաօրենսդրական ակտեր, նորմատիվ իրավական ակտեր, այլ կերպ ասած, օրենսդրությամբ կարգավորում չունենք:
-Գործի շրջանակում բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ կա՞ն:
-Մենք բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ, կալանավորվածներ, մեղադրյալներ տվյալ պահին չունենք:
-Վերջին տվյալներով քանի՞ մարդ է հարցաքննվել:
-Ես մոտավոր տվյալներ կասեմ: Այս պահի դրությամբ ավելի քան 250 անձինք հարցաքննվել են: Հարցաքննությունները շարունակվում են, կատարվում են նաև լրացուցիչ հարցաքննություններ: Կան անձինք, որոնց մենք եզրակացությունից հետո լրացուցիչ ենք հարցաքննում:
-Հանրապետական կուսակցության անդամներ էլ են հարցաքննության կանչվել, նրանց թվում եղե՞լ է Կարեն Ավագյանը:
-Ես խնդրում եմ, եկեք անվանական չանդրադառնանք, որովհետև հաջորդ հարցը կարող է լինի` իսկ մյո՞ւսը, մյո՞ւսը: Անշուշտ, կատարվել են բազում հարցաքննություն, այդ թվում նաև Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ: Եթե հնարավոր է, այսքանով սահմանփակվենք: