Գ. Վաշաձե. Հայ-վրացական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա
Այսօր տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան աշխատանքային այցով ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը, հայտնում են նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ փոխըմբռնման մթնոլորտում անցնող բարձր մակարդակի պարբերական շփումները կողմերի միջև հնարավորություն են ընձեռնում հետևելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ, նախանշելու երկկողմ համագործակցության նոր ուղիներ:
Վրաստանի արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը և կարգավորել խնդիրները:
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, էներգետիկ փոխգործակցության ապահովման և հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման հարցերը:
Բանակցությունների օրակարգում են եղել վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծմանը ուղղված ջանքերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: