«Մի՛ սպանեք բժշկին». Դեղ արտադրողների և ներմուծողների միություն
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը հայտարարություն է տարածել վերջին շրջանում բժիշկների հանդեպ իրականացված երևույթների վերաբերյալ: «Մենք դատապարտում են հասարակության առանձին անհատների անհանդուրժողականության արդյունքում ի հայտ եկած անմարդկային վերաբերմունքը հայ բժշկի նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընթերցելով միության՝ «Մի՛ սպանեք բժշկին» խորագրով հայտարարությունը, ասաց ԴԱՆ նախագահ Սամվել Զաքարյանը:
Նրա խոսքերով՝ մարդկությունը դարեր շարունակ խոր ակնածանք է տածել բժշկության ու բժիշկների նկատմամբ, մինչդեռ մեր հասարակության շրջանում կատարվող վերջին զարգացումները՝ Գյումրիում, Երևանում, Արմավիրում բժիշկների սպանությունների, ծեծի ենթարկելու փաստերն այլ բան են հավաստում: «Անցյալ տարի Գյումրիում 28-ամյա երիտասարդը ծեծի ենթարկեց շտապօգնության 65-ամյա բժշկին, ով եկել էր փրկելու նրա հորը: Այս տարվա ապրիլին ծեծի էր ենթարկվել ու լուրջ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց Արմավիրի մարզի գլխավոր բժիշկ-վիրաբույժ Սամվել Ֆրակյանը:
Սահմռկեցուցիչ էր «Հարսնաքար» ռեստորանում հունիսին տեղի ունեցած «Մի կաթիլ մեղրի» մոտիվներով վիճաբանությունը, երբ անվտանգության աշխատակիցը, որքան էլ տարօրինակ է, էթիկայի նորմեր էր ծանուցում զինվորական բժիշկներին: Հերթական վայրագությունը տեղի ունեցավ օրեր առաջ՝ Նոր Նորքում, երբ դաժան ծեծի ենթարկվեց դարձյալ շտապ օգնության բժիշկը, ով կրկին եկել էր կյանք փրկելու»,- ասաց Ս. Զաքարյանը:
Ըստ նրա՝ նման խեղաթյուրված երևույթները հաճախակիացել են, իսկ դա անընդունելի է: «Բժշկի խալաթով մարդը հասնում է փրկելու քո ազգակցին և բռնություն գործադրելն անընդունելի է»,- նշեց Ս. Զաքարյանը՝ հավելելով, որ պատերազմների ժամանակ, երկրաշարժի ժամանակ վիրավոր բժիշկները ծանրագույն պայմաններում դարձյալ կյանք են փրկել, օգնել են մարդկանց: «Ւ վերջո բժիշկը փրկողի կերպար է: Մինչդեռ այսօր բժիշկը պաշտպանված չէ»,- ասաց նա: