Ջիհադական պայքարի նոր դրսևորումներն ընդդեմ սիրիական վարչակարգի
Վերջերս Իրաքի արտգործնախարար Հոշիար Զիբարին Բաղդադում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Ալ-Կաիդայի մեծ թվով մարտիկներ իրաքյան սահմանից անցել են Սիրիա` ահաբեկչական գործողություններ ծրագրելու և իրականացնելու համար: Նա նաև հատնեց, որ միշտ զգուշացրել են սիրիական կողմին արմատականների սիրիական սահմանն անցնելու ակտիվության մասին (http://pik.tv/ru/news/story/42017-v-sirii-deystvuiut-boyci-al-kaidi): Դեռևս ձմռանը Ալ-Կաիդայի առաջնորդ Աիման Ազ-Զաուահիրին հայտնել էր, որ Ալ-Կաիդան աջակցելու և ակտիվորեն մասնակցելու է Սիրիայում հակակառավարական պայքարին` կոչ անելով Սիրիայի ժողովրդին ջիհադի` ընդդեմ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի (http://www.youtube.com/watch?v=YpT0Zx4vgyw):
Եվ այսպես. Ալ-Կաիդան Սիրիա ներթափանցելու համար օգտագործում է բոլոր հնարավոր ուղիները: Հաշվի առնելով սիրիական կառավարական ուժերի հետ բախումների, ահաբեկչական գործողությունների և իրավիճակը ապակայունացնող այլ միջոցառումների աշխարհագրական վիճակագրությունը` կարելի է առանձնացնել, որ Ալ-Կաիդան կամ նրան հարող արմատական կառույցները բավական ակտիվ են Սիրիայի սահմանամերձ շրջաններում, որոնք համարվում են ծայրահեղ արմատական խմբավորումների Սիրիա ներթափանցելու շրջաններ: Այս համատեքստում ծայրահեղականները բավական ակտիվ են սիրիա-լիբանանյան սահմանային հատվածում, որտեղ գոյություն ունեն բազմաթիվ ստորգետնյա անցումներ, որոնցով նրանք անարգել ներթափանցում են երկիր:
Չնայած վերջին շրջանում Թուրքիայից արմատականների հնարավոր անցումը կանխելու ուղղությամբ իշխանական ուժերի և Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերի միջև որոշակի համագործակցությանը` սիրիա-թուրքական սահմանը նույնպես որոշակիորեն օգտագործվում է արմատականների կողմից երկիր ներխուժելու համար: Սիրիայի կենտրոնական շրջաններում իրավիճակը մնում է ծայրահեղ լարված: Այստեղ գտնվող Հոմսի և Համմայի շրջանները միշտ աչքի են ընկել իրենց իսլամականացման բարձր աստիճանով ու արմատական դիրքորոշմամբ, և հիմա էլ հիմնական ռազմական գործողությունները ծավալվում են հենց այս հատվածներում: Իրաքի հետ սահմանամերձ Դեր-Զորի հատվածը միշտ եղել է Իրաքից դեպի Սիրիա արմատականների ներթափանցման օջախներից մեկը, որտեղից ամեն օր Սիրիա են անցնում հարյուրավոր ջիհադիստներ: Արմատականները Սիրիա ներթափանցելու համար օգտագործում են նաև երկրի հարավային` Հորդանանի հետ սահմանամերձ Դարաայի շրջանը, որը միշտ աչքի է ընկել արմատական տրամադրությունների ակտիվությամբ` մոտ լինելով հատկապես Սաուդյան Արաբիային:
Ինչ վերաբերում է Դամասկոսին և նրա շրջակա տարածքներին, ապա այն եղել է արմատականների ուշադրության կենտրոնում, և վերջին շրջանի ավելացող ահաբեկչական գործողություններն այս հատվածում վկայում են այն մասին, որ ջիհադիստների համար երկրի մայրաքաղաքը կարևոր նշանակություն ունի գործողություններն առավել ազդեցիկ և հնչեղ դարձնելու առումով:
Ծայրահեղականները, բացի արտաքին ռազմական և ֆինանսական աջակցությունից, ստանում են նաև իրենց գաղափարական օժանդակությունը: Այս համատեքստում Սիրիայում արմատական գաղափարական հիմքն ապահովվում է նաև Ալ-Կաիդայի առաջնորդներից` Աբու Մուսաբ Աս-Սուրիի (Մուստաֆա Սեթմարիամ) և մի շարք այլ արմատական գաղափարախոսների կողմից: Աբու Մուսաբ Աս-Սուրին սիրիական իշխանությունների կողմից ազատ արձակվեց 2011 թ-ի դեկտեմբերին, սակայն, հակառակ դրան, վերջինս շարունակում է քննադատել Բաշար Ալ-Ասադի վարչախմբին և ունի մի շարք աշխատություններ, որտեղ սիրիական հեղափոխությանը տալիս է ռազմավարական նշանակություն Ալ-Կաիդայի համար:
Ահաբեկչական գործողությունների նպատակներն ու խնդիրները պարզ են. Սիրիայում ստեղծել ապակայունացնող իրավիճակ, ամեն ինչ անել, որպեսզի երկիրն ընկղմվի քաղաքացիական պատերազմի մեջ, ձախողել միջազգային բոլոր նախաձեռնությունները, այդ թվում` ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաքելությունը` երկրում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Այս ամենը մտնում է Ալ-Կաիդայի հեռահար ծրագրերի մեջ, որն այժմ փորձում է 20-րդ դարի վերջի գլոբալ ջիհադի հայեցակարգը նպատակաուղղել առավել լոկալ խնդիրների լուծմանը` այս առումով ակտիվորեն միջամտելով «Արաբական գարնան» հետևանքով արագ փոփոխվող արաբական երկրների ներքաղաքական և տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներին:
Իսլամագետ Սարգիս Գրիգորյան