Մնում է դատարանը կամք դրսևորի և ճիշտ գնահատական տա. ՀԱԿ ակտիվիստների պաշտպան
Հուլիսի 19-ին ժամը 15:00-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և մյուսների գործով դատավարությունը: Այս նիստում տղաների պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Ստեփան Ոսկանյանը և ամբաստանյալները կներկայացնեն իրենց պաշտպանական ճառը: Մինչ այդ, հուլիսի 14-ին տեղի ունեցած դատական նիստում Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի համար, որպես պատիժ, մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը պահանջել է նրան դատապարտել վեց տարվա ազատազրկման:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ներկայացնելով մեղադրական ճառը, դատախազը պահանջել է նաև 3,5 տարով ազատազրկել Արտակ Կարապետյանին, իսկ Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին 2 տարով։ Ընդ որում` Դավիթ Քիրամիջյանի համար դատախազն առաջարկել էր պատիժը կիրառել պայմանական։
Տիգրան Առաքելյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը կարծում է, որ դատախազի ներկայացրած մեղադրանքն անհիմն է: «Իսկ եթե ընդունում ենք, որ նա ինչ-որ գործողություն կատարել է և դրա համար պետք է ինչ-որ պատժի ենթարկվեր, համենայնդեպս 6 տարի ազատազրկումը չափազանց խիստ պատիժ է նրա համար: Դրանով փորձել են հոգեբանական կամ այլ ձևի ճնշումներ գործադրել Տիգրան Առաքելյանի նկատմամբ», -Panoarama.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով դատախազի ներկայացրած միջնորդության մասին, ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Նրա խոսքով, դատարանը օբյեկտիվ գնահատական պետք է տա, քանի որ գործը դատարանում ամենայն մանրամասնությամբ է քննվել, հարցաքննվել են բոլոր վկաները, տուժողները և ակտիվիստները: «Մի խոսքով, ամեն ինչ պարզ է: Մնում է, որ դատարանը կամք դրսևորի և ճիշտ գնահատական տա վերջնական դատական ակտով», -նկատեց փաստաբան Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ, ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպը սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է Քր.Օրի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետի` «Խուլիգանությունը» և ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: