Մարիամ Գևորգյանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատարանի գործողությունները
Սկսեսուրի` Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժան ծեծի ու կտտանքների ենթարկված Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը դժգոհ է դատարանի գործողություններից: Նա պատրաստվում է մինչև հաջորդ նիստը` հուլիսի 19-ը դատարանի գործողությունները բողոքարկել:
«Մինչ հաջորդ նիստը ես անձամբ` Մարիամից անկախ, պատրաստվում եմ բողոքարկել դատարանի գործողությունները, որովհետև հիմա մեզ մոտ հստակ համոզմունք է ձևավորվել, որ դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին որոշումը զուտ նպատակ ուներ ճնշում գործադրելու տուժող կողմի` այս դեպքում մեր վրա: Պատեհ-անպատեհ առիթներով դատարանը մեզ հիշեցնում է, որ մենք բողոքարկել ենք դռնփակ դատական քննություն անցկացնելու դատավորի որոշումը, մեզ ասում է, դա անելու փոխարեն սա անեիք, ինչ եք ուզում և նմանատիպ այլ բաներ»,- Panorama.am-ին ասաց Նոնա Գալստյանը:
Փաստաբանն ընդգծում է, որ բողոքարկել-չբողոքարկելն իրենց իրավունքն է: Դատական նիստերի ընթացքում Ն. Գալստյանը համոզվել է, որ դատարանն ունի կանխակալ կարծիք:
«Իմ կարծիքով, դատարանի բոլոր հայտարարությունները, դիտողությունները մեկ նպատակ ունեն` ճնշման ենթարկել ինձ` որպես Մարիամի ներկայացուցիչ ու տուժողին, որի մեջ մենք միտում ենք արդեն տեսնում` պայմանավորված գործի ելքի հետ»,-ասաց մեր զրուցակիցը:
Ն. Գալստյանը հայտարարեց, որ եթե դատարանը շարունակի նույն գործելակերպը, ապա ինքը կներկայացնի հաջորդ բացարկը, «որովհետև նման պայմաններում խոսել արդար դատաքննության մասին, իմ կարծիքով, արդեն անհնարին է»:
Հարցին, թե ինչը կարող է լինել դատարանի նման գործողությունների պատճառը, փաստաբանը նշեց, թե չի կարող ասել, սակայն շեշտը դնում է ոչ թե պատճառի, այլ հնարավոր հետևանքի վրա:
Նշենք, որ փաստաբանը բողոքարկել է դռնփակ դատաքննություն անցկացնելու որոշումը, Վերաքննիչ դատարանը վարույթ չի ընդունել, հայցն այժմ Վճռաբեկում է, որևէ պատասխան դեռ չեն ստացել: Տուժողի ներկայացուցիչը նաև մեկ անգամ ինքնաբացարկ է հայտնել դատավար Արմեն Բեկթաշյանին: Միջնորդությունը չի ընդունվել:
Հիշեցնենք, որ Մարիամ Գևորգյանի հայցը քննվում է Վայով Ձորի և Արարատի ընդհանուր իրավասության դատարանում: Սկեսրոջ` ամբաստանյալի ու մյուս հարսի` տուժողներից մեկի միջնորդությամբ դատական նիստերն անցկացվում են դռնփակ: Մարիամն ու իր փաստաբանը, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները պահանջում են դռնբաց դատավարություն` հիմնավորելով, թե այդ դեպքում գործը հասարակական հնչեղություն կստանա, դատարանն էլ արդար որոշում կկայացնի:
Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել:
Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:
Ըստ գործի նյութերի, Մարիամ Գևորգյանը սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, առանձին դաժանությամբ, սիստեմատիկաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել, պատճառել ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ: Քաշել է մազերը, պատառաքաղով և եղունգներով ծակծկել է նրա մարմնի տարբեր մասերը, ձեռքերով, ոտքերով, փայտյա գրտնակով, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, կրակայրիչով, հարթուկով վառել մարմնի տարբեր մասերը, բռնի ուժով բացել է բերանը, աղ լցրել, պատճառելով առողջությանը միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող` ձախ ծղիկոսկրի ստորին երրորդականի փակ կոտրվածքի, աջ ձեռքի 5-րդ մատի հիմային ֆալանգի փակ կոտրվածքի, գլխի ճակատային շրջանի և ձախ ականջախեցու սալջարդ վերքերի, ցայլքի և ձախ աճուկային շրջանի արյունազեղման, ձախ բազկի և ձախ կրծքագեղձի կտրած վերքերի, աջ ձեռնաթաթի կտրած ծակած վերքի, ձախ նախաբազկի ծակած վերքերի, կրծքագեղձերի, ձախ նախաբազկի, իրանի գոտկային և որովայնի շրջանի այրվածքների ձևով մարմնական վնասվածքներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան