Հոգեբան և սրտաբան. շաբաթ օրով աշխատանքը վնասակար է առողջության համար
«Առանց հանգստյան օրերի լարված աշխատանքային ռեժիմը կարող է առաջացնել գերհոգնածություն` աստենիքս սինդրոմ, որը արտաքնապես չի զգացվում, բայց հյուծում է մարդուն»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը: Ըստ բանախոսի` երկարաժամկետ լարված աշխատանքի դեպքում անձը չի զգում, որ արդեն գերհոգնած է: Հոգեբանի խոսքով` աստենիքս սինդրոմն արտահայտվում է դյուրագրգռվածությամբ. մարդը հաճախակի է ընկնում դեպրեսիայի մեջ, կամ հակառակը` ագրեսիվ է դառնում: Ս.Խուդոյանը շեշտեց, որ նման դեպքերում անձը պարտադիր պետք է հանգստանա, շաբաթը` 2, տարին` գոնե 20 օր:
Հոգեբանի խոսքով, հանգստանալու միջոցները տարբեր են և այստեղ մոտեցումն անհատական է: «Ֆիզիկական աշխատանքի հետ կապված անձը փորձում է հանգստյան օրերը անցկացնել խաղաղ պայմաներում, և հակառակը` ավելի ակտիվ հանգիստ են ընտրում այն մարդիկ, որոնց աշխատանքն հիմնականում մտավոր է: Քաղաքի բնակիչները մեկնում են կամ ծովափ, կամ անտառներ: Յուրաքանչյուրի համար հանգիստը ինդիվիդուալ է», - ասաց նա:
Որպես մարդու օրգանիզմին անհրաժեշտ միջոց հանգիստը կարևորեց նաև ասուլիսի մյուս բանախոս` սրտաբան Լիանա Թումասյանը: Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ գոնե 1-2 շաբաթ մարդը կտրվի իր աշխատանքից: Հանգստյան օրերին նա խորհուրդ տվեց մի քիչ ավելի շատ ֆիզիկական աշխատանք անել, շատ զբոսնել այն մարդկանց, որոնք տարվա ընթացքում քիչ են շարժվում, ամառը չափի մեջ ընդունել արևային լոգանքներ, զերծ մնալ յուղալի և առատ սնունդից:
Ե´վ հոգեբանը, և´ սրտաբանը միակարծիք եղան, որ շաբաթ օրով աշխատանքը և ընդամենը մեկ հանգստյան օրը վնասակար են առողջության համար: «Մարդը չի հասցնում հանգստանալ, մնում է լարված, առաջանում է աստենիքս սինդրոմը: Նշենք, որ շաբաթ օրով աշխատանքը սահմանափակվում է նաև օրենսդրությամբ, թեև մասնավոր հատվածում նման չարաշահումների դեպքեր շատ են նկատվում: Դա օրենքի կոպիտ խախտում է», - ասաց Ս.Խուդոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում