Արամ Սիմոնյանը գոհ է այս տարվա ընդունելության քննություններից
Բարձրագույն ուսումնական հասատատություններ ընդունվող ուսանողների թիվը 2012 թվականին կազմել է 18000, որոնցից 5400-ը դիմել են Երևանի պետական համալսարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ նրանցից 381-ն ընդունվել են անվճար, իսկ 3126-ը` վճարովի համակարգ:
«Ընդհանուր ընդունվողների վերջնական թիվը կենթարկվի փոփոխության, ինչը պայմանավորված է նրանով, որ ուսանողների մի մասը միաժամանակ դիմել են և պետական, և մասնավոր բուհեր, բացի այդ՝ եղել են դիմոդներ, ովքեր նախընտրել են ոչ թե երկրրոդ կամ երրորդ հայտով նշած բուհը, այլ՝ առաջին հայտով նշածը»,- ասաց նա:
Ընդհանուր առմամբ, ԵՊՀ ռեկտորը, գոհ է այս տարվա ընդունելության քննություններից, քանի որ 2010 թ-ի համեմատ ավելացել է և դիմորդների թիվը, և ընդունելության մրցակցային ցուցանիշը: Նա նշեց, որ պետք է հաշվի առնել նաև այն, որ 12-ամյա կրթությամբ դպրոցների աշակերտները զորակոչվելու են հայոց բանակ, իսկ բանակից վերադարձողները կկարողանան շարունակել իրենց ուսուցումը կամ ընդունվել իրենց ԲՈՒՀ: Նա նշեց, որ ԵՊՀ ընդունվածներից 238 ուսանող կզորակոչվի բանակ:
Ա.Սիմոնյանը նշեց, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովն արդեն որոշել է ուսանողներին առաջարկել ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ` մինչև զորակոչվելը վճարել 2012-2013 թթ. ընթացիկ տարվա համար արդեն սահմանված վարձավճարը, ինչը հնարավորություն կտա նրանց ծառայությունն ավարտելուց հետո սովորել տվյալ վարձավճարով, կամ բանակից զորացրվելուց հետո սովորել 2014-2015 թթ. ուսումնական տարվա համար սահմանված վարձավճարով:
Նա նշեց, որ ԵՊՀ-ում վարձերի բարձրացում վաղուց չի կատարվել, այլ իրականացվել են որոշակի շտկումներ:
Անդրադառնալով թափուր տեղերին, Ա.Սիմոնյանը ասաց, որ ԵՊՀ-ում թափուր տեղերը 81-ն են: «Ի զարմանս ինձ, բնագիտական թևը հաջողությամբ լրացել է այս տարի, նույնը չի կարելի ասել քիմիա և կենսաբանություն մասնագիտությունների մասին: Մասնավորապես, քիմիայի և կենսաբանության ֆակուլտետներում կան 27 թափուր տեղեր: Թափուր տեղեր կան կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա մասնագիտություններով»,- նշեց Սիմոնյանը:
Նա նաև նկատեց, որ դպրոցներում թուլացել է ֆիզիկա առարկայի ուսուցանումը, դիմորդները ֆիզիկա լավ չգիտեն, ինչը պետք է անհանգստացնի ավագ դպրոցի ուսուցիչներին և ղեկավարներին:
Նա նաև տեղեկացրեց, որ երկրաբանությունը, ջրօդերևութաբանությունը, եկեղեցաբանությունը, աշխարհագրությունը, ռուսաց լեզու և գրականությունը ևս այն մասնագիտությունների թվում են, որտեղ թափուր տեղեր նույնպես մնացել են:
Ռեկտորը կարևորեց նոր՝ Կովկասագիտության ֆակուլտետի ստեղծումը: Ըստ նրա՝ շուրջ 50 ուսանող այս տարի ընդունվել է Կովկասագիտության ֆակուլտետ: «Սա համարում եմ մեծ հաջողություն: Համաձայն այս մասնագիտության ուսումնական պլանի` ուսանողները կարող են տիրապետել մի քանի լեզուների` ադրբեջաներենի, վրացերենի, հին վրացերենի, գրաբարի, ինչպես նաև կուսումնասիրեն կովկասի ժողովուրդների մշակույթն ու պատմությունը»,- ասաց ռեկտորը:
Ա.Սիմոնյանի խոսքերով՝ «մոդայիկ»` Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտության, Իրավագիտության, Հանրային կառավարում, Ռոմանոգերմաներեն, Արևելագիտության, Լրագրություն համարվող ֆակուլտետներում բավականին բարձր է եղել ուսանողների դիմելիությունը և մրցակցային ցուցանիշը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան