Աբովյան 19-ում հասարակական զուգարան է լինելու. Քաղաքապետարանից են վստահեցնում
Աբովյան 19 հասցեում իրականացվող շինարարության համար շինթույլտվություն պետք չէ, քանի որ այնտեղ հասարակական զուգարան է կառուցվում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Նրա խոսքով, քանի որ այդ հատվածում կա ստորգետնյա զուգարան, իսկ Կենտրոնում էլ հասարակական զուգարանների անհրաժեշտություն, ապա որոշվել է մասնավորը վերածել հասարակականի:
Երեկ շինարարության «պրարաբ» ներկայացած երիտասարդն ու այլ աշխատակիցներ Panorama.am-ին ասացին, որ այդ հասցեում սրճարան է կառուցվում: Ի պատասխան, Ա. Գևորգյանը նշեց, որ նման փոքր տարածքում հնարավոր չէ սրճարան կառուցել, իսկ այդ մարդկանց մասին ասաց, թե կարող ենք նրանց պատահական մարդիկ համարել, ովքեր կարող են ամեն ինչ ասել:
Նշենք, որ երեկ Աբովյան 19 հասցեում էքսկավատորը փորում էր, իսկ բեռնատարը հողը տեղափոխում: Հետաքրքիր է, որ աշխատանքները մեկնարկել ու շարունակվում էին ոչ աշխատանքային օրերին: Լրագրողների ու բնապահպան ակտիվիստների` դեպքի վայր հասնելուն պես նախ աշխատանքները դադարեցվեցին, ապա հեռացավ նաև տեխնիկան: