Վերաօծվել է Ախալքալաքի Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին
Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունը տասնամյակներ շարունակ արժանին մատուցելով իր զավակի հիշատակին, ավանդաբար հուլիսյան օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու երգի ու երաժշտության մեծարմանը, ոգեկոչելով սերունդներին նրա արվեստի անկրկնելիությամբ: Այս անգամ էլ չխախտվեց ավանդույթը:
Վիրահայոց Թեմի մամլո դիվանի հաղորդմամբ, այս տարի Ջիվանու (Սերոբ Ստեփանի Լևոնյան)ավանդական մեծարման օրը բնակչության համար կրկնակի տոնական էր: Հիշատակի օրվան նախորդեց տեղի եկեղեցու վերաօծման արարողությունը՝ հուլիսի 14-ին վերաօծվեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին:
Հնամենի, հայաբնակ Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 1830-ական թվականներին: Տարիներ շարունակ Եկեղեցին եղել է տեղի բնակչության Աստծու տունը: Սակայն ազգաբնակչության բազմանալուն զուգընթաց անհրաժեշտություն էր դարձել նոր եկեղեցու կառուցումը: Եվ ահա 1880-96 թվականներին քանդելով նախկինում կառուցված եկեղեցին, նրա տեղում վեր խոյացավ բազիլիկ տիպի զանգակատնով հոյակերտ տաճարը, որի շինարարությանը իրենց մասնակցությունը բերեցին այդ ժամանակաշրջանի թիֆլիսաբնակ անվանի հայ առևտրականները:
Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը սկսվել է հուլիսի 13-ի երեկոյան «Դռնբացեքի» արարողությամբ: Ձեռամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, Սուրբ խորանը, մկրտության ավազանը և սրբապատկերները:
Հուլիսի 14-ի առավոտյան, Սուրբ Պատարագից առաջ, պատվարժան հյուրերը Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, փոխառաջնորդ Բաբգեն աբեղա Սալբիյանի, հոգևոր դասի և ժողովրդի ուղեկցությամբ ծաղիկներ են դրել Ջիվանու հուշարձանին և կատարվել է հոգեհանգիստ:
Մեծն Ջիվանու ավանդական տոնին իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության Կովկասի տարածաշրջանի պատասխանատու Տարոն Շագոյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Վանո Ծիկլաուրին, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, պատգամավորներ և պետական գործիչներ ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից, Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանության մարմինների, մտավորականության և արվեստի ներկայացուցիչները, հյուրեր Թբիլիսիից և Երևանից:
Նորաօծ եկեղեցու բակում հավաքված բազմությանը ողջույնի խոսքով դիմել են Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, «Հայլուրի» տնօրեն Գևորգ Ալթունյանը և Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Բաբգեն աբեղա Սալբիյանը:
Հոգեշնորհ Հայր Սուրբը նաև Առաջնորդական շնորհակալագրեր է փոխանցել եկեղեցու բարերարներին, վերանորոգող շինարարներին և վարպետներին:
Աղբյուրը նշում է, որ Ջավախք նահանգն ընդհանուր առմամբ և Կարծախ գյուղն ի մասնավորի հայտնի են հայությանը տված իրենց անվանի զավակներով: Նրանցից մեկը 1846 թվականին ծնված հայ աշուղական արվեստի կարկառուն դեմք աշուղ Ջիվանին է, որ շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանի սկսած ու Սայաթ-Նովայի զարգացրած խորը փոլիսոփայական գաղափարներով երգի և խոսքի ստեղծումը:
Նորաօծ եկեղեցու Սուրբ Սեղանի օծմանը և անդրանիկ Սուրբ Պատարագի մատուցմանը հաջորդել է հրապարակախոս ու փիլիսոփա, բարոյագետ ու երգաստեղծ աշուղ Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսը, վերստին տարածվել է նրա երգն ու երաժշտությունը՝ վարպետ և ինքնագործ երգիչների և համույթների կատարմամբ: Վերստին իր հող ու ջրի վրա հառնեց աշուղ Ջիվանին ու Կարծախում տարածվել է բարձրարժեք ու խորիմաստ արվեստով նրա բառն ու բանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա