Կ. Վարդանյան. Միջին մասնագիտական կրթության ոլորտին հատուկ ուշադրություն է դարձվում
«Հայաստանն իր առաջ խնդիր է դնում զարգացնել միջին մասնագիտական կրթությունը: Եվ վերջին տարիներին այդ ուղղությամբ լուրջ աճ է զգացվում: Մենք ունենք ԿԳ նախարարության հետ համաձայնագիր, որի շրջանակներում աջակցում ենք Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացմանը, որն առավել պահանջված է հայաստանյան աշխատաշուկայում»,- այսօր անդրադառնալով Հայաստանում միջին մասնագիտական կրթության զարգացման խնդրին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրերի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ միջին մասնագիտական կրթական համակարգի առավել պահանջված մասնագիտությունների շարքում շինարարության ոլորտի մասնագիտություններն են` ծեփագործներ, ներկարարներ, ինչպես նաև սպասարկման ոլորտը ներկայացնող խոհարարներ, մատուցողներ, ատամնատեխնիկներ, բուժքույրներ և այլն:
Վ. Հովհաննիսյանի անցկացրած վերլուծությունները ցույց են տալիս, որ որոշ կրթօջախներում աշակերտների թիվը 250-300-ից աճել է մինչև 450-500-ի:
Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության բաժնի պետ Կարեն Վարդանյանը, ով նշեց, որ այսօր իրոք միջին մասնագիտական կրթություն ունեցողների պահանջարկը մեծ է: Երբեմն այդպիսի կադրերի պակասը լրացվում է բարձրագույն կրթություն ստացած կադրերով, որոնց հմտությունները, սակայն, ավելի շատ տեսական են, ինչի արդյունքում տվյալ անձինք աշխատանքի ընդունվելուց հետո 1-2 տարի սովորում են այդ գործը:
Նա նաև նշեց, որ «Նախնական և միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատություններում այս տարի պետպատվերով տեղերը 50 տոկոսով ավելացել են, ինչը ցույց է տալիս, որ այս ոլորտը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան