«Այսուհետ մարտական հերթապահությունը կլինի ավելի անվտանգ»»
Ողջ անցյալ ամիսը մեր հանրության ուշադրությունը գամված էր հայ-ադրբեջանական պետական սահմանի տարբեր տեղամասերում ադրբեջանական նախահարձակ ագրեսիայի և վերջինիս հայկական կողմի տված համարժեք պատասխանի վրա: Այդ օրերին անգամ փորձագիտական քննարկում ծավալվեց առ այն, թե ի՞նչ ասել է «համարժեք պատասխան», ի±նչ նպատակի պետք է այն ծառայի, ինչպիսի խնդիրների լուծմանը միտված լինի: Արդյո՞ք պաշտպանության նախարարությունը համապատասխան հետևություններ է արել՝ կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու սահմանագծում արձանագրվող կորուստները: Այս և մի շարք հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:
«Այդ օրերին մենք հանդես եկանք տեսակետով, որ համարժեք պատասխան ասվածը ագրեսիվ թշնամուն զսպելու միակ հնարավոր և արդյունավետ մեխանիզմն է` զուտ ռազմական և քաղաքական-քարոզչական նպատակներ ենթադրող միջոցառումների ամբողջություն, բազմակողմանի մարտավարություն, որն իրենից ներկայացնելու է հրադադարի պայմաններում մեր երկրի պաշտպանվելու իրավունքի իրացում»,- ասաց Դ. Ջամալյանը:
Ըստ նրա՝ համարժեք պատասխանն ըստ էության անընդհատ մի գործընթաց էª բաղկացած երկու բաղադրիչներից. կանխարգելիչ և հակահարվածային միջոցառումներից:
Հարցին, թե՝ ո՞րն է «համարժեք պատասխանի» նպատակը, Դ. Ջամալյանը նշեց. «Հրադադարի, այսինքն՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների բացակայության պայմաններում, թշնամուն հայկական կողմի «համարժեք պատասխանի» նպատակը պետք է լինի. սահմանամերձ բնակավայրերի բնակչության անվտանգ և բնականոն կենսագործունեության, մարտական հերթապահություն իրականացնող զինվորական անձնակազմի ֆիզիկական անվտանգության, ինչպես նաև կոմունիկացիաների սահմանին հարող տեղամասերով անվտանգ և անխափան երթևեկության ապահովումը:
Ահա այս նպատակի իրականացմանը պետք է միտված լինի մեր բանակի համարժեք պատասխանն իր հակահարվածային և կանխարգելիչ բաղադրիչներով,- ասաց նա:
Փորձագետի խոսքերով, համարժեք պատասխանի հակահարվածային բաղադրիչը ենթադրում է պատասխան պատժիչ միջոցառումների ամբողջություն` թելադրված իրադրական նպատակահարմարությամբ:
«Այդպիսիք կարող են լինել թշնամու կրակային ակտիվությունը լռեցնելուն ուղղված քայլերը, հակադիպուկահարների հատուկ միջոցառումները, մեր տարածք ներթափանցած դիվերսիոն խմբերի ոչնչացումը: Կանխարգելիչ միջոցառումներն ունեն մշտական բնույթ և ենթադրում են պետական սահմանի ողջ երկայնքով ամրաշինական աշխատանքների իրականացում, այդ թվում՝ պետական սահմանի առանձին տեղամասերի հակադիվերսիոն պաշտպանության համակարգերի կատարելագործում, թշնամու հանդեպ տիրապետող հենակետերի տեղադրում, ինչը թույլ կտա վերահսկել հնարավորինս մեծ տարածք կաշկանդելով թշնամու կրակային ակտիվությունը պետական սահմանի տվյալ տեղամասում, և այլն:
Այդպիսի կանխարգելիչ միջոցառումների վառ օրինակ է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը, որը գրեթե համատարած խրամատավորված է, և իրենից ներկայացնում է խորը էշելոնացված պաշտպանական համակարգ, որն ընդունված է կոչել նաև Օհանյանի գիծ, և որտեղ ամրաշինական աշխատանքները երբեք չեն դադարել»,- ասաց վերջինս:
Հարցին, թե ի՞նչ հետևություններ արեց պաշտպանության նախարարությունը, կոնկրետ ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին, Դ. Ջամալյանը նշեց. «Անցյալ ամիս` թշնամու նախահարձակ ագրեսիայի օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս- արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր ստուգայց կատարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և տեղում կոնկրետ հանձնարարականներ տվեց զորամասերի հրամանատարական կազմին: Այդ հանձնարարությունները միտված էին ապահովել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի ֆիզիկական անվտանգությունը, մասնավորապես պետական սահմանի տվյալ հատվածի հակադիվերսիոն պաշտպանությունն ամրապնդելու միջոցով, հնարավորինս անմատչելի դարձնել մեր մարտական հենակետերը թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցման համար:
Եվ ահա շուրջ մեկ ամիս է, ինչ հյուսիս-արևելյան սահմանի ողջ երկայնքով կատարվում են ծավալուն ամրաշինական աշխատանքներ: Ռազմական գաղտնիության նկատառումները մեզ թույլ չեն տալիս մանրամասնել առ այն, թե կոնկրետ ինչ քայլերով է ամրապնդվում մեր երկրի պետական սահմանի հակադիվերսիոն պաշտպանությունը: Սակայն վստահաբար կարող ենք ասել, որ այս օրերին ձևավորվում է մարտական հենակետի հակադիվերսիոն պաշտպանության համակարգ` հագեցած բազմաթիվ ինքնատիպ լուծումներով, ինչը արդեն այսօր վերածվում է հրադադարի` պասիվ պատերազմի պայմաններում թշնամու հանդեպ մարտավարական առավելություն ձեռք բերելու կարևոր գործոնի: Արդեն այսօր պաշտպանության նախարարի հանձնարարականների առյուծի բաժինը իրականացված է»:
Այնուհետև փորձագետը հավելեց. «Չտրվելով ռազմագիտական մանրամասնությունների փաստենք հետևյալ իրողությունը. թշնամու վերջին դիվերսիաներից հետո զորքերում համապատասխան հետևություններ են արվել: Այսուհետ մարտական հերթապահությունը կլինի ավելի անվտանգ, մեր զինվորները մարտական հենակետերում պաշտպանված կլինեն ավելի հուսալիորեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա