Արցախում լռության օր է. Վաղը կընտրեն երկրի նախագահին
Արցախում այսօր լռության օր է: Վաղը ընտրելու են երկրի ղեկավարին: Նախագահի թեկնածուները երեքն են. գործող նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախկին փոխնախարար, պատգամավոր Վիտալի Բալասանյանը և Արկադի Սողոմոնյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ, երեկվա դրությամբ ընտրողների թիվը կազմում է 98.909 մարդ:
Արցախի ԸՕ-ի համաձայն, ընտրություններից երկու օր առաջ ընտրողների վերջնական ցուցակի օրինակը պետք է փակցվի տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:
ԿԸՀ տրամադրած տվյալներով, կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը Հայաստանի Հանրապեությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:
Նշենք, որ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար այսօր Արցախ կմեկնի Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը: Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև տեղական 4 հասարակական կազմակերպություններ` ԼՂՀ «Արցախի ժուռնալիստների միություն», ԼՂՀ վերաբնակեցման և հայրենադարձության «Քաշաթաղցիներ» ՀԿ, ԼՂՀ «Հայկի սերունդ» երիտասարդական ՀԿ, «Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ:
Արցախի ընտրություններին կհետևեն նաև ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներն ու ՌԴ պետդումայի պատգամավորները:
Նախորդող հրապարակում`
Պետդումայի պատգամավորները կհետևեն Արցախի ընտրություններին