Փաստաբանն արդարադատություն չպետք է պահանջի շոուների միջոցով. Դեպարտամենտը` ծեծված հարսի ակցիաների մասին
Վաղը, հուլիսի 19-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Արարատի մարզի բնակիչ Մարիամի Գևորգյանին բռնության ենթարկած սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի գործի քննության ժամանակ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատարանի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպելու: Ինչպես տեղեկանում ենք «Facebook»-ում տարածած նրանց հայտարարությունից, իրենք պահանջում են արդար դատավարություն և գործի դռնբաց քննություն:
Նշենք, որ արդար դատաքննության պահանջով, անգամ նախագահականի դիմաց բողոքի ակցիաներ են կազմակերպել նաև մեղադրյալի կողմնակիցները:
Հայաստանի Դատական դեպարտամենտում այս և նման ակցիաները համարում են որպես ճնշում դատարանի նկատմամբ: «Ընդհանարապես, նման ակցիաների կազմակերպումն ու իրագործումը ոչ միայն իմաստազուրկ է, այլ նաև որոշ դեպքերում կարող է դիտարկվել որպես դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով արդեն մի քանի անգամ իրականացված և առաջիկայում ծրագրված ակցիաները, հայտարարեց Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նրա ներկայացմամբ, դատավորների վարքագծի կանոնները նման իրավիճակները նախատեսել և կարգավորել են, մասնավորապես` 8-րդ կանոնով սահմանված է, որ արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր է զերծ մնալ հասարակական կարծիքի ազդեցությունից, ինչպես նաև ազատ լինել քննադատության մտավախությունից:
«Այս կանոնը դատարանի անկախության սկզբունքի դրսևորումներից մեկն է: Ինչպես գիտենք, հասարակության տարբեր անդամներ կարող են տրամագծորեն հակառակ ու տարբեր տեսակետներ ունենալ որոշակի հարցերի, այդ թվում` դատավորի դրսևորած վարքագծի վերաբերյալ: Տեսակետների տարբերությունը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, այդ թվում` բարոյական հարցերի վերաբերյալ անձնական տեսակետներով: Այս առումով կարևոր է, որ հասարակության կամ դրա որոշ անդամների կամ խմբերի կարծիքը չազդի կայացվող դատական ակտի բովանդակության վրա, քանի որ դատական ակտ կայացնելիս դատավորը սահմանափակված է փաստերով և օրենքի գիտակցված ընկալմամբ»,-նշեց դեպարտամենտի ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է արդար դատավարության պահանջին, ապա, Արսեն Բաբայանի խոսքով, դրա համար օրենսդրությունը սահմանել է բազմաթիվ երաշխիքներ, որոնցից են օրինակ` «օրինականության, օրենքի առջև բոլորի հավասարության, գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի, կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովման սկզբունքները, ինչպես նաև մրցակցային դատավարության սկզբունքը»:
«Յուրաքանչյուր դեպքում, երբ անձը կարծում է, թե խախտվել է իր իրավունքը, ապա դրա պաշտպանությունը պետք է ապահովվի օրենքներին համապատասխան: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ սեփական իրավունքների ենթադրյալ խախտումներ թույլ չտալու համար ենթադրողը չիրականացնի այնպիսի գործողություններ, որոնք կխախտեն այլոց իրավունքները: Որպես օրինակ կարող եմ նշել թեկուզ այս գործով մի դեպք, երբ նույն «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, պաշտպանելով տուժողներից մեկի շահերը, ակնհայտորեն խախտում էր մյուս կողմի` ամբաստանյալի իրավունքներն ու օրինական շահերը, մասնավորապես` կոալիցիան իր հայտարարություններում ամբաստանյալին բազմիցս ներկայացրել է որպես հանցագործ, մինչդեռ այդկերպ նույն կոալիցիան խախտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը»,-ասաց նա:
Գործի` դռնբաց քննության պահանջի վերաբերյալ խոսելիս, Բաբայանն ասաց, որ յուրաքանչյուր դեպքում դատարանն է որոշում դատաքննությունը դռնփակ անցկացնելու նպատակահարմարությունը, ինչը, միաժամանակ, չպետք է վնասի արդարադատության իրականացմանը կամ չի հանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը: «Կարծում եմ, որ կոնկրետ այս գործով դատարանի նման որոշումը պայմանավորված է եղել ինչպես մյուս տուժողի (ամբաստանյալի նախկին կնոջ), այնպես էլ ամբաստանյալի անձնական և ընտանեկան կյանքի և այլ շահերի պաշտպանությամբ», -նկատեց Բաբայանը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարության այն նշումը, թե «նախորդ դատական նիստերի ժամանակ սկեսրոջ կողմից հանդես եկող մարդկանց մի հոծ զանգված էր հավաքվել, որոնք արդարացնում էին մեղադրյալին: Նրանք դատապարտում էին Մարիամին` մեղադրելով նրան ստախոսության ու զրպարտության մեջ` աչք փակելով բոլոր ապացույցների վրա, որոնք Մարիամը մինչև հիմա կրում է իր մարմնի վրա», ըստ Բաբայանի, նույնպես ճնշման միջոց է:
«Ինչպես գիտենք, առաջինը այս ակցիաների շարքն սկսվեց հենց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից, որին փաստորեն հետևել է ամբաստանյալի «կողմնակիցների» հակադարձ ակցիան: Եվ հիմա նկատվում է այդ արատավոր երևույթի խորացում, այդ կոալիցիան հակադարձ քայլ է փորձում կատարել, փորձում է հավաքել մարդկանց ավելի շատ խումբ և այդպիսով մրցել մյուս խմբի հետ: Այս երևույթը արատավոր է, ավելին` խիստ արատավոր ու անիրավաչափ: Նման գործողություններով որևէ դրական արդյունքի չի կարող հասնել կազմակերպիչը», -նկատեց Բաբայանը` ընդգծելով, որ դատավորն անկախ է և չի կարող ենթարկվել այդպիսի ճնշումների:
Նրա խոսքով, «էլ ավելի ցավալի է» այն, որ նման միջոցառումների կազմակերպիչներից են նաև փաստաբանները: «Այս գործով տուժողի փաստաբան ներկայացուցիչը լրատվության տարբեր միջոցներով բազմիցս հրապարակել է այնպիսի տեսակետներ, որոնցով խախտվում է ամբաստանյալի անմեղության կանխավարկածը: Կարծում եմ, որ փաստաբանն արդարադատություն պետք է պահանջի ոչ թե այսպիսի շոուների միջոցով, այլ մասնագիտական գիտելիքների օգտագործմամբ», -կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:
Մարիամ Գևորգյանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատարանի գործողությունները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան