Գերմանիայի նորանշանակ դեսպանը խոստումներ է տվել ԱԳ նախարարին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, շնորհավորելով հյուրին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը զարգանում են դինամիկ կերպով, ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններ են կատարվում: ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ դեսպան Մորելն իր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության առավել ամրապնդման և ընդլայնման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մորելը բարձր է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև հաստատված փոխգործակցությունը և վստահեցրել, որ ջանքեր կգործադրի փոխհարաբերությունների սերտացման ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը` Արևելյան Գործընկերության նախաձեռնության շրջանակներում:
Հանդիպմանը, որպես երկկողմ փոխգործակցության կարևոր բաղադրիչ, գոհունակությամբ նշվել է Աֆղանստանում գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայության մասին:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք խնդիրներ: