Հովհաննես Թոքմաջյան. Ինժեներական մասնագիտությունների գծով շարունակվում է դիմորդների պակաս զգացվել
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան ընդունվողների թիվն այս տարի 2010 թվականի համեմատությամբ 25%-ով աճել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
Նրա խոսքերով՝ թեև գոհ են թվային առումով, սակայն դժգոհ են դրա համամասնությունից: «Խիստ տեխնիկական մասնագիտությունների գծով շարունակվում է դիմորդների պակաս զգացվել և դիմորդներն ավելի շատ դիմում են արվեստին մոտ մասնագիտությունների գծով»,- ասաց նա՝ հավելելով, որ դրա պատճառներից մեկը նաև այն է, որ բուհը հավատարմագրված է Ֆրանսիայում և բուհի դիպլոմն այնտեղ ճանաչվում է:
«Դա ստիպում է, որպեսզի դիմորդները ընտրեն ճարտարապետություն, դիզայն, համակարգչային գեղարվեստական նախագծում մասնագիտությունները»,- նշեց նա:
Մինչդեռ, ըստ Հ.Թոքմաջյանի, երկու տասնյակից ավելի ինժեներական մասնագիտությունները «մոդայիկ» չեն, սակայն ռեկտորը կարծում է, որ սա իր օբյեկտիվ պատճառներն ունի: «Մեր երկիրը գտնվում է սեյսմիկ գոտում, ուստի կարևոր է, որ այդ մասնագիտությունների գծով աճ տեղի ունենա»,- ասաց ռեկտորը և հավելեց, որ այս մասնագիտությունները մի քանի տարի հետո մեծ պահանջարկ են ունենալու:
Հ.Թոքմաջյանը նշեց նաև, որ իրենց բուհում և՛ ընդունվելն է դժվար, և՛ սովորելը, իսկ ավարտելուց հետո թեև բուհի շրջանավարտները անաշխատանք չեն մնում, սակայն նրանց չեն գնահատում, քանի որ շատ ցածր է ճարտարապետի, շինարարի աշխատավարձը: «Ինժեների աշխատանքը պետք է գրավիչ դարձնել, որպեսզի տվյալ մասնագիտությունների գծով ապագայում լուրջ խնդիրների առաջ չկանգնենք»,- ընդգծեց նա:
Նրա խոսքերով՝ բուհի ուսանողները որակապես չեն զիջում արտասահմանյան ուսանողներին: Նա հայտնեց, որ այս պահին համալսարանում կա 600 օտարերկրացի ուսանող: «Նախորդ տարի առաջին անգամ ունեցել ենք հնդիկ ուսանողներ և նախատեսում ենք այդ թիվը եռապատկել»,- ասաց Հ.Թոքմաջյանը՝ հավելելով, որ հնդիկների համար նաև հանրակացարան են կառուցում. «Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ համագործակցությունը Հնդկաստանի հետ»:
Նշվեց նաև, որ ԲՈՒՀ-ի մագիստրատուրայում սովորում են ֆրանսիացիներ, շվեյցարիացիներ և իտալացիներ. նրանց համար ուսումն անգլերեն լեզվով է կազմակերպվում:
Հ.Թոքմաջյանը իր գոհունակությունը հայտնեց բուհի ուսանողությունից, նշելով, որ նրանք լավ են սովորում, իսկ ուսանողական խորհուրդն իր դերը շատ լավ է կատարում: «Ես հպարտ եմ իր ուսանողներով և դասախոսական կազմով: Մեր համալսարանում ձևավորվել է աշխատանքային լավ մթնոլորտ»,-ասաց ռեկտորը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան